Իշխանությունը հետեւություն չի արել

ՀԺԿ նախագահՍտեփան Դեմիրճյանը ապրիլի 13-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ 2004թվականի ապրիլյան հայտնի դեպքերից հետո իշխանությունը որեւէ հետեւություն չի արել: Սակայն ինչ վերաբերում է 2007թվականի խորհրդարանի ընտրության քարոզչությանը, ապա Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ իշխանությունը չի խոչընդոտում ՀԺԿ քարոզարշավին: Նրա խոսքով, ՀԺԿՆ-ն ընտրությանը մասնակցում է հաղթելու եւ իր հաղթանակին տեր կանգնելու մտադրությամբ: Խոսելով հաղթանակի եւ ձայների պահպանման համար պայքարի մեթոդների մասին, ՀԺԿ ղեկավարը նշել է որ չնայած շատերը հեգնեցին պայքարի սահմանադրական ճանապարհի մասին իր այդ դիտարկումը, այդուամենայնիվ որեւէ մեկը դեռ ցույց չի տվել պայքարի այլ ճանապարհ եւ մեխանիզմ:

Խոսելով ներկայիս ընտրարշավի ընթացքում կատարվող բռնությունների, մասնավորապես ԲՀԿ գրասենյակների պայթեցման մասին, ՀԺԿ նախագահը ցավ է հայտնել, որ այդօրինակ բռնությունները հանրության ընկալման մեջ արդեն դառնում են սովարական, առօրյական երեւույթներ:

Ստեփան Դեմիրճյանին լրագրողները խնդրել են կարծիք արտահայտել նաեւ ընտրության վերահսկման միասնական մարմին ստեղծելու մասին Պարույր Հայրիկյանի առաջարկի կապակցությամբ: ՀԺԿ նախագահը թերահավատ է նման մարմինների գործունեության կապակցությամբ: Նա նշել է, որ օրինակ այդպիսի մի մարմին կար 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ, ինչը սակայն իշխանությանը չխանգարեց կեղծել հանրաքվեն: Ստեփան Դեմիրճյանը ասել է, որ եթե կա վերահսկելու ցանկություն, ապա պարտադիր չէ ստեղծել հատուկ մարմին, ինչպես որ պարտադիր չէ արդար ու քաղաքակիրթ ընտրություն անցկացնելու համար կնքել ինչ որ հուշագրեր, քանի որ օրենքի առկայությունը, եթե այն իհարկե հարգվում, արդեն իսկ տալիս է քաղաքակիրթ ու ազատ ընտրության հնարավարություն: