ԱՄՆ գյուղդեպարտամենտի նվերը Արմավիրին

ԱՄՆ գյուղդեպարտամենտը եւ Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման կենտրոնը համակարգչային սարքավորում են տրամադրում Արմավիր քաղաքի Անասնաբուժական տեսչությանն ու լաբորատորիային, հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Ապրիլի 12-ին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գրասենյակը ԱՄՆ դեսպանությունում ու Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման կենտրոն (CARD) հասարակական կազմակերպությունը ներկայացրեցին Արմավիր քաղաքի Անասնաբուժական տեսչության ու լաբորատորիայի գրասենյակում ներդրված ինտերնետային կապով նոր համակարգիչը, տպիչը ու AUGIUS ծրագրային փաթեթը: Այս փաթեթները ներդրվում են ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Անասնաբուժական ազգային նախագծի շրջանակում, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ միասին իրականացվող երկարաժամկետ ծրագիր է: Ծրագրի շրջանակում ինտերնետային կապով համակարգիչ/ծրագրային ապահովում կտրամադրվի Անասնաբուժական տեսչության 10-ը մարզային գրասենյակներին: Երեւանի կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում արդեն տեղադրվել է երկու համակարգիչ:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին, գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխկյանն ու անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը: ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին իր խոսքում նշեց, որ այս համակարգիչները կբարելավեն կենդանիների հիվանդությունների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքներն ու թույլ կտան դրանք ինտերնետի միջոցով փոխանցել կենտրոնական լաբորատորիա: Նա ասաց, որ այս կարեւոր տեղեկատվության հավաքումն ու փոխանցումը էական քայլ է Հայաստանում կենդանիների տարածված հիվանդությունները կանխելու ճանապարհին: