ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պայթյուններ են տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան»-ի գրասենյակներում
Անցած գիշեր պայթյուններ են տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու գրասենյակներում` մայրաքաղաքաի Քանաքեռ - Ջեյթուն համայնքի կենտրոնական շտաբի մուտքի մոտ եւ Ավանի Նարեկացի 39 հասցեի շենքի առաջին հարկում տեղակայված տարածքային կազմակերպության գրասենյակում:
«Մեծ շատրվաններ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն համայնքի կենտրոնական շտաբի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամբողջովին վնասվել են մուտքի դռների եւ պատուհանների ապակիները: Իսկ Ավանի Նարեկացի 39 հասցեի 16 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խանութի սենյակներից մեկում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են խանութի եւ գրասենյակի սրահները, բնակելի շենքի որոշ բնակարանների ապակիները:
Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, դեպքերի առթիվ ոստիկանության Քանաքեռ - Զեյթունի եւ Նոր Նորքի քննչական բաժիններում հարուցվել են քրեական գործեր:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը, կուսակցության խորհրդի նիստը ընդունել է պայթյունները դատապարտող հայտարարություն:
Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանին զեկուցվել է տեղի ունեցածի մասին. - «Նախագահը հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հնարավորինս սեղմ ժամկետներում հանցագործությունը բացահայտելու, նաեւ առաջիկայում նման դրսեւորումները կանխելու համար»:
«Երկրում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար», - շարունակեց Սողոմոնյանը: - «Խստիվ դատապարտելով այս հանցագործությունները, գնահատում ենք այն որպես իրավիճակը ապակայունացնելու, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու փորձ: Ծայրահեղականության դրսեւորումները չեն կարող խաթարել Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:
Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան
