ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի այցը Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են` ղեկավար Լեո Պլատվոյետը (Նիդեռլանդներ), անդամներ` Ժորժ Կոլումբիեն (Ֆրանսիա), Բեռնարդ Մարկետը (Մոնակո), Էվալդ Լինդինգերը (Ավստրիա), ապրիլի 10-ին ժամանում է Երեւան:
Ապրիլի 11-ին նախատեսված են պատվիրակության հանդիպումները Երեւանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի, ՀՀ ԿԸՀ նախագահի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն օրը պատվիրակության անդամները Եվրախորհրդի գրասենյակում հանդիպումներ կունենան հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:
Ապրիլի 12-ին Լեո Պլատվոյետի գլխավորած ԵԽԽՎ դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում` խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հետ: Նույն օրը դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի ցանկությամբ` տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների եւ «Այլընտրանք» քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Սահմանադրական դատարանի անդամների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի հետ:
