ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաձայնեցված հեռուստաեթեր
2007 թվականի փետրվար-մարտ ամիսներին իրականացնելով Հ1, Հ2, Արմենիա, ԱԼՄ, Շանթ, Երկիր Մեդիա, Կենտրոն հեռուստաալիքների մոնիտորինգ, ինչպես նաեւ իրականացնելով ԶԼՄ-ների վերջին տարիների իրավիճակի վերլուծություն, Երեւանի մամուլի ակումբը կարծիք է հայտնել, որ հեռուստաեթերի ոլորտում վարվում է որոշակի համաձայնեցված քաղաքականություն:
Հաշվետվության հեղինակները, խոսելով հնարավոր համաձայնեցված քաղաքականության մասին, ներկայացնում են նաեւ իրենց կարծիքով դրա տեսանելի վկայությունները: Առաջինը նշվում է հեռուստաընկերությունների մեծ մասում, այդ թվում եւ հանրային հեռուստաընկերությունում հասարակական-քաղաքական հաղորդումների ծավալի կրճատման մասին: Ընդգծվում է, որ բացառություն են կազմում այն հեռուստաալիքները, որոնք առնչություն ունեն այս կամ այն քաղաքական ուժի հետ:
Հաջորդ նկատառումը քաղաքական գովազդի բարձր գնի սահմանումն է, որը հեռուստաեթերի միջոցով քաղաքական ագիտացիան դարձնում է դժվարամատչելի: Քաղաքական գովազդի գները որոշ դեպքերում գերազանցում են առեւտրային գովազդի գնին, նշված է ԵՄԱ հաշվետվության մեջ: Հաշվետվության հեղինակների գնահատմամբ, այդ հանգամանքը հատկապես բացասական ազդեցություն ունի ընդդիմադիր ուժերի համար, քանի որ իշխանականներն ունեն հեռուստաեթերից օգտվելու այլընտրանքային ձեւեր:
ԵՄԱ փորձագետները նաեւ նշում են համաձայնեցված քաղաքականության եւս մեկ հավանական դրսեւորում, այն, որ հեռուստաեթերը դրսեւորել է ընդդիմությանը անդրադառնալու փուլային միտումներ` միաժամանակյա ակտիվություն, մատչելիություն ընդդիմության համար, հետո ընդդիմադիր շատ գործիչների մուտքի խստիվ սահմանափակում:
