ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
7-ից 5-ը տղամարդու խոսք տվեցին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայրապետ Հայրապետյանը, ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին առաջարկել է ստորագրել «Թիվ 4 ընտրատարածքում ժողովրդավարական ընտություններ անցկացնելու պատրաստակամության մասին հուշագիր»: Առաջարկը ընդունել են բոլոր, սակայն ստորագրման վայր` ապրիլի 9-ին «Ուրբաթ» ակումբ եկել էին 4-ը ԲՀԿ-ական Հայրապետ Հայրապետյանը, ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը, ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը: Փաստաբան Արմեն Մանուկյանը ուղարկել էր ստորագրությունը: Ներկա չէին ԱՄ-ական Սարգիս Մուրադխանյանը եւ ՕԵԿ-ական Սուրեն Մամիկոնյանը: Թիվ 4 ընտրատարածքը «մահվան» ընտրատարածք անունն է ստացել: Թեկնածուներ են առաջադրել ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ԱՄ, ՀՀՇ, ՀՅԴ կուսակցությունները: Փաստաբան Արմեն Մանուկյանը, առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ:
Թեկնածուները հուշագրով ոչ թե պարտավորվում են, այլ` պատրաստակամություն հայտնում խուսափել սեւ եւ կեղտոտ տեխնոլոգիաներից, ձեւավորել ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական, օպերատիվ շտաբ, որը օպերատիվ տեղեկություններ կտրամադրի ԶԼՄ-ներին: Արամ Մանուկյանը առաջարկեց հուշագրով ամրագրել, որ մրցակցող թեկնածուները կեղծքիների դեպքում միասին կդիմեն ընտրական հանձնաժողովին` կեղծիքների դիմած թեկնածուի գրանցումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ: Այս ամենը կա ՀՀ ընտրական օրենգրքում եւ որեւէ հուշագիր, այս դեպքում, ավելորդ է թվում: Թեկնածուները, սակայն, գիտեն, որ հայկական իրականության մեջ տղամարդու խոսքը, ջենտլմենական համաձայնությունը ավելի մեծ կշիռ ունեն, քան օրենքը: Եվ բոլորի առջեւ տրված տղամարդու խոսքը կարող է ինքնազսպման միջոց դառնալ:
Ներկա թեկնածուները առաջարկեցին այս նախաձեռնությունը որեւէ կոնկրետ անձի չվերագրել եւ համարել ընդհանուր նպատակ եւ ձգտում: Նաեւ հիմնավորեցին հուշագիրը ստորագրելու իրենց քայլը:
Հայրապետ Հայրապետյան(ԲՀԿ)-Ստորագրում ենք, որ բոլորը հասկանան, որ թիվ 4-ում մենամարտի չենք գնում, որ թեկնածուներս կարող ենք իրար հետ համագործակցել: Դրա համար էլ նախաձեռնեցինք այս հուշագրի ստորագրումը: Պատրաստ ենք քննարկել հուշագրի վերաբերյալ առաջարկները:
Արամ Մանուկյան(ՀՀՇ)-Խանդավառված չեմ այս գործընթացով, չեմ հավատում, որ այն աշխատելու է: Չեմ հավատում, որովհետեւ այն կուսակցությունը, որ ներկայացնում է` իշխանական կուսակցությունն է եւ արդեն խախտումներով է մի քանի ամիս մտել ընտրապայքար: Բայց ստորագրում եմ, որովհետեւ ցանկացած փոքր, շատ չնչին հնարավորության, որ ընտրապայքարին դրական լիցք կբերի, կմիանամ: Չեմ հավատում, որ լինելու է արդար ընտրություն, որովհետեւ իշխանության լծակները իմից 1000 անգամ ավել են` արդար ընտրություններ անցկացնելու համար: Եվ եթե իշխանությունը ընդդիմությանը դիմում է արդար ընտրություն կազմակերպելու համար, դա մի քիչ աբսուրդային վիճակի է բերում: Չեմ հավատում, որովհետեւ օրեր շարունակ ընտրություններից առաջ մեր տանը հյուրեր ենք ունեցել են ՀՀԿ-ց եւ ԲՀԿ-ից, որ իրենց կուսակցության անդամ դառնալ էին առաջարկում: Չեմ հավատում, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք, այնտեղ ասֆալտ են անում: Չեմ հավատում, որովհետեւ իմ հարեւան սեփականատերը հպարտանում է, թե ԲՀԿ-ն իրեն 30 հատ շիֆեր է խոստացել: Պոկել է նա այդ 30 շիֆերը: Ներքեւի շերտերում մարդիկ անում են իրենց գործը վերեւի շերտերում ուզում են ցույց տալ, որ արդար է:
Հրայր Կարապետյան(ՀՅԴ)-Ես առաջադրման պահից հայտարարել եմ, որ բոլոր ընտրատարածքներում ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Դրա բոլոր նախադրյալները կան: Այս հանդիպումը նշանակում է, որ կա ձգտում այդպիսի օրինակ ցույց տալ թիվ 4 ընտրատարածքում: Այն ինչ գրված է հուշագրում գրված է ՀՀ ընտրական օրենսգրքում:
Զոհրաբ Զոհրաբյան(ՀՀԿ)-Ես հարգում եմ իմ ավագ ընկերներին եւ նոր եմ մտնում քաղաքականության մեջ: Նրանց խոսքին ավելացնելու ոչինչ չունեմ:
