ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրացուցակներում անճշտությունները կնվազեն
Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ապրիլի 9-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է, որ ոստիկանությունը կազմել է նախնական բոլոր ընտրացուցակները եւ ապրիլի 2-ից դրանք կախված են Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում: Մահտեսյանը տեղեկացրել է, որ մինչեւ խորհրդարանի ընտրության օրը ընտրացուցակները հնարավորինս ճշգրտելու նպատակով ակնկալում են քաղաքացիների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների օգնությունը, որպեսզի նրանք ոստիկանությանը տեղեկացնեն նախնական ցուցակներում առկա անճշտությունների եւ բացթողումների մասին:
Մահտեսյանը նշել է, որ անճշտության առավել տարածված տեսակներից է օրինակ մահացածների առկայությունը ցուցակում: Փոխոստիկանապետը հայտարարել է, որ մահացածների թիվը ուժերի հնարավորին չափով նվազեցվելու է: Ընդհանրապես, նախնական ցուցակների տվյալով առկա է 2 328 747 ընտրող, այն դեպքում, երբ Սահմանադրության հանրաքվեի ցուցակի տվյալով եղել է 2253262 ընտրող: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավար Ալվինա Զաքարյանի խոսքով, նախնական ցուցակների տվյալն անկասկած կնվազի, հաշվի առնելով այն անճշտությունների ուղղումը, որ ենթադրվում է:
