ԱՊՀ դիտորդները կհանդիպեն բոլոր թեկնածուների հետ

«ԱՊՀ դիտորդական առաքելության երեւանյան գրասենյակը արդեն բացվել է: ԱՊՀ դիտորդները մտադիր են ՀՀ-ում բացել դիտորդական առաքելության եւս 4 գրասենյակ եւ քվեարկության օրը լինել բոլոր 41 ընտրատարածքների, 1860 ընտրատեղամասերի մինչեւ 60 տոկոսում», ապրիլի 5-ին Երեւանում լրագրողներին հայտարարեց ԱՊՀ գործադիր քարտուղար, ՀՀ ԱԺ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն:

Վլադիմիր Ռուշայլոն ասաց նաեւ, որ իրենք ուսումնասիրել են միջազգային այլ կառույցների` ԵԱՀԿ եւ այլն, դիտորդական առաքելությունների առաջավոր փորձը եւ այս անգամ իրականացնելու են ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: Վլադիմիր Ռուշայլոն հույս ունի, որ քվեարկության օրը Հայաստանում լինեն մոտ 150 կամ 150-ից ավելի ԱՊՀ կարճաժամկետ դիտորդ: ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները կլինեն մոտ 30-ը: ՀՀ ԱԺ ընտրություններից մոտ 1 ամիս առաջ ԱՊՀ անդամ 9 երկիր է հավաստել իր մասնակցությունը Հայաստանում ընտրություններին դիտորդական առաքելությանը:

Վլադիմիր Ռուշայլոն խուսափեց ուղղակի պատասխանել հարցին, թե ինչու ԱՊՀ երկրներում անցկացվող բոլոր ընտրություններից հետո ԱՊՀ եւ միջազգային այլ կառույցների եզրակացությունները որպես կանոն միմյանցից էականորեն տարբերվում են: «Մեր ելնում ենք հետեւյալ իրողությունից: Ինչքանով են ընտրությունները համապատասխանում այն երկրի օրենքներին, որտեղ անցկացվում է ընտրությունը: Մենք չենք փաստում այս կամ թեկնածուի վերաբերյալ նախապատվություններ: Մեր եզրափակիչ հայտարարությունը կլինի ընտրությունների արդյունքների ամփոփման հաջորդ օրը: Մենք հայտարարությունը կկազմենք ըստ մեր դիտորդների կազմած արձանագրությունների: Դա լինելու է կոլեկտիվ որոշում», հայտարարեց բանախոսը:

Վլադիմիր Ռուշայլոն անդրադարձավ նաեւ այն կարծիքներին, թե ԱՊՀ դիտորդները դեռ ընտրություններից առաջ են կազմում ընտրությունների որակի վերաբերյալ արձանագրությունը. «Նախապես մենք ոչինիչ չենք անում, որովհետեւ նախապես անել հնարավոր չէ: Առաքելության կազմում են ԱՊՀ երկրների տարբեր մակարդակների պատգամավորներ, ԿԸՀ անդամներ, նրանց ինչ-որ հրաման տալը հնարավոր չէ: Կատարյալ ստերիլ ընտրություններ չեն լինում աշխարհի ոչ մի երկրում: Միշտ էլ լինում են թերություններ, բացեր: Մեր խնդիրն է պարզել. եթե կան թերություններ, դրանք համակարգային բնույթի ե՞ն, եթե այո, կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Արդեն 16-րդ անգամ եմ դիտորդ ԱՊՀ երկրներում. խախտումներ եղել են, բայց դրանք ընտրությունների վրա չեն ազդել»:

Վլադիմիր Ռուշայլոն լրագրողներին հավաստիացրեց, որ իրենք ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուներին ընդդիմադիր-ոչ ընդդիմադիրի չեն զատում. «մեր դիտորդները հանդիպում են բոլոր թեկնածուների հետ»: