ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թրաֆիկինգի դեմ պայքարն անբավարար է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2006 թվականի իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաեւ մարդկանց առեւտրին (թրաֆիքինգ) եւ նշել, որ «որպես կանոն, մարդկանց առեւտրի զոհ են դառնում սոցիալապես անապահով կանայք»:
Ըստ ՀՀ օմբուդսմենի, «այդ բնույթի հանցագործությունների բացահայտումն ու կանխումը դեռեւս չի համապատասխանում դրանց տարածվածությանը: Քրեական գործերով անհրաժեշտ չափով քննություն չի կատարվում նման հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Այս հանցագործությունների նախականխման եւ բացահայտման ուղղությամբ համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում խնդրի հետ առնչվող միգրացիոն, փախստականների տեղաշարժերի, որդեգրման, տուրիզմի, պետական սահմանների պաշտպանության, մաքսային, աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ապահովման, անձնագրային ռեժիմի, հրավերների ձևակերպման և մյուս ծառայությունների հետ»:
Արմեն Հարությունյանը արձանագրում է, որ «պատշաճ հսկողություն չի իրականացվում հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-որոնողական աշխատանքների կատարման նկատմամբ: Չի ապահովվում նախկինում նմանատիպ հանցագործությունների համար ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ հսկողությունը: Դատի տրված անձանցից շատերն եղել են նույնպիսի արարքի համար նախկինում դատապարտված: Որոշ մեղադրյալներ հանցավոր գործունեությունը շարունակել են նույնիսկ հետախուզման մեջ գտնվելու պայմաններում»:
