ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մայիսից կմեկնարկի 50 սահմանամերձ գյուղի զարգացման ծրագիրը
Հայաստանի գյուղական համայնքների, մասնավորապես 50 սահմանամերձ գյուղի զարգացման ծրագիրը, որ դարձել էր Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի հիմնական թեման, կսկսի իրագործվել մայիսի վերջին: Մարտին 30-ին մասնակցելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ ՄԱԿ Զարգացման ծրագրի կազմակերպած խորհրդաժողովին, այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ միայն Երեւանի առաջընթացը բավարար չէ երկիրը առաջ տանելու եւ համընդհանուր զարգացում արձանագրելու համար:
Վարդան Օսկանյանի խոսքով, Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները տվել են 40 խոստում, եւ դրանք ուժի մեջ են, ու պահպանվում է նաեւ կապը այդ մարդկանց եւ կազմակերպությունների հետ, իսկ ծրագիրը կմեկնարկի մայիսի վերջին: Վարդան Օսկանյանը նշում է, որ դա ամենեւին պայմանավորված չէ խորհրդարանի ընտրությամբ, պարզապես այդպես է ժամանակացույցը:
Արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ արդեն ընտրվել են առաջին մի քանի գյուղերը, որտեղ կիրականացվի ծրագրի փորձարկումը, բայց ոչ այն պատճառով, որ անհաջողության դեպքում այն դադարեցվի, այլ ուղղակի մյուսների համար մոդելավորելու նպատակով:
