Սենատի կոմիտեն դատապարտել է հայազգի լրագրողի սպանությունը

Մարտի 28-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է բանաձեւ, որով դատապարտել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ կոչ է արել Թուրքիային քրեական օրենսգրքից հանել հայտնի 301 հոդվածը, որով քրեական հանցանք է համարվում հայերի ցեղասպանության մասին խոսելը:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները կոմիտեում բանաձեւի ընդունումը համարում են նշանակալից քայլ, առավել եւս այն պարագայում, որ դրա մշակման գործընթացն ուղեկցվում էր Թուրքիայի կառավարության եւ ԱՄՆ վարչակազմի ճնշումներով:

«Չնայած բոլորև խոչընդոտներին, եւ այն ջանքերին, որ ուղղված էին բանաձեւի մեջ Ցեղասպանության մասին որեւէ հիշատակում թույլ չտալուն, փաստաթղթի մեջ ամրագրվեց, որ Հրանտ Դինքի հետապնդելու պատճառը հայերի Ցեղասպանության մասին նրա դատողություններն էին», ասված է Ամերիկայի հայկական ազգային Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Օրինագիծը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը որպես «վախկոտության ամոթալի գործողություն, որ կատարվել է օրենքի, արդարադատության ու պարկեշտության հանդեպ հարգանքի բացակայությամբ»: