ԵՄ-ը ակնկալում է ազատ, թափանցիկ ընտրություններ, ասում է Գերմանիայի դեսպանը

Մարտի 27-ին կայացած «Ազատ եւ արդար ընտրությունները որպես ժողովրդավարության հիմք» թեմայով սեմինարի ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկե Փայջը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները դառնալու են այն «լակմուսի թուղթը», որով որոշվելու են Եվրամիության եւ Հայաստանի հետագա հարաբերությունները:

ԵՄ հույս ունի, որ Հայաստանում քվեարկությունը կանցնի ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի չափանիշներին համապատասխան. ասել է դեսպանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ ընտրություններ են անցկացվում ԵՄ Նոր հարեւանության ծրագրի ստորագրումից հետո եւ հիշեցրել է, որ 5 տարվա համար նախատեսված ծրագրի շարունակությունը կախված է ընտրական գործընթացից:

ԵՄ-ում վստահ են, որ Հայաստանը ունի ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն, սակայն պետք է նաեւ իշխանությունների քաղաքական կամքը: Իսկ ԵՄ-ը ցանկանում է ընտրությունների ժամանակ ապահոված տեսնել մարդու իրավունքների պաշտպանությունը, որ ընտրական հանձնաժողովները իրենց պարտականությունները կատարեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, իսկ խախտումների դեպքում խախտողները օրենքով սահմանված պատիժը կրեն: