ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը համաձայն չէ Պետդեպարտամենտի զեկույցի հետ
Մարդու Իրավունքի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի մեջ, որ հրապարակվեց օրերս, բավական մտահոգիչ գնահատականներ կան, որ վերաբերում են Հայաստանին: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Պետդեպի զեկույցը փաստում է, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքներն ու Լեռնային Ղարաբաղը: Հայաստանցի լրագրողները այդ կապակցությամբ փորձել են ստանալ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը: Մարտի 12-ին Երեւանում պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանն ասել է, թե պետդեպի զեկույցի այդ մասը ուղղակի սխալ է եւ այդ մասին անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունն արդեն փոխանցել է ԱՄՆ կառավարությանը: «Ամերիկայի քաղաքականությունն այս հարցում, մոտեցումները բոլորին շատ հստակ են, ակնհայտ են, հենց դրա համար էլ կարելի է վստահորեն ասել, որ դա փաստացի սխալ է», ասում է Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, քանի որ զեկույցն արդեն հրապարակվել է, ապա այնտեղ որեւէ բան փոխել չի լինի, բայց նախարարը համոզված է, որ Նահանգները տարբեր առիթներով կհայտնի իր դիրքորոշումը եւ իր մոտեցումը կվերհաստատի, իսկ հաջորդ զեկույցում արդեն սխալը կլինի ուղղված:
