Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործառնական հարցերով փոխնախագահ Ջոն Հյուկոյի հայտարարությունը

Բարև Ձեզ: Շնորհակալություն, որ այստեղ եք. նաև շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Մարգարյանին, արտգործնախարար Օսկանյանին և ԱԺ խոսնակ Թորոսյանին այսօր ինձ հետ հանդիպումներ ունենալու համար:

Ես Երևանում եմ գտնվում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) անունից, որն ամերիկյան պետական գործակալություն է` հիմնադրված 2004թ. սկզբներին; Մեր առաքելությունն աղքատության կրճատումն է կայուն տնտեսական աճի ճանապարհով այն երկրներում, որոնք ժողովրդավար են, ներդրումներ են կատարում մարդկային կապիտալի ոլորտում ու խթանում են տնտեսական ազատությունը: Մենք խորապես համոզված ենք, որ արդյունավետ քաղաքականությունը կարևոր է, և մեր գործընկեր երկրներից պահանջվում է հաշվետու լինել և ցույց տալ համաձայնագրերի շրջանակում ՀՄԿ ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի արդյունքները:

Ես Հայաստան եմ եկել Հայաստանի ու ՀՄԿ-ի միջև կնքված 235 միլիոն դոլարի համաձայնագրով իրականացվող աշխատանքների առաջընթացը դիտարկելու նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է շուրջ մեկ տարի առաջ, իսկ ծրագրով գումարային հատկացումները սկսվել են անցյալ աշնանից: Հայաստանյան ծրագիրն ունի մեկ նպատակ. կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն ու տևական աճի ապահովման միջոցով: Սա գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ջրամատակարարման բարելավմանն ուղղված ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագիր է: Մենք ակնկալում ենք, որ ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750.000 հոգու կամ գյուղական բնակչության 75%-ի համար և կապահովի տարեկան եկամուտների ավելացում` գյուղական աղքատության կրճատմանը զուգընթաց:

ՀՄԿ-ը ցանկանում է շնորհավորել Հայաստանին ու ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ին հայաստանյան ծրագրի իրականացման ճանապարհին կատարած գերազանց աշխատանքի համար: Համաձայնագրով նախատեսվող նախագծերը նշանակալի օգուտ կբերեն Հայաստանի բնակչությանը: Համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներից մինչ օրս փաստացի հատկացվել է ավելի քան 4 միլիոն դոլար:

Վարչապետ Մարգարյանի, արտգործնախարար Օսկանյանի և ԱԺ խոսնակ Թորոսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես շեշտեցի, թե ՀՄԿ-ն ու ամերիկյան կառավարությունն ինչ մեծ կարևորություն են տալիս ՀՄԿ կողմից երկրի մասնակցության իրավասության որոշման ու արդարացի կառավարման, մարդկային կապիտալի ոլորտում ներդրումների ու տնտեսական ազատության խթանման գործունեության գնահատման նպատակով կիրառվող 16 օբյեկտիվ չափանիշների մասով Հայաստանի կողմից կատարողական ցուցանիշների բարձր մակարդակի շարունակաբար ապահովմանը: Մենք ուզում ենք, որ այս համաձայնագիրն անպայման իրականացվի հաջող ու ամբողջությամբ:

Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ ՀՀ կառավարության համար էապես կարևորվում է նախորդ ընտրությունների համեմատ էականորեն բարելավված ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ստանձնած պարտավորության կատարումը: Նախապատրաստական աշխատանքներում Հայաստանին ԱՄՆ դեսպանության միջոցով օգնելու համար Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան 7.5 միլիոն դոլար:

Սա կարևոր է, քանի որ ՀՄԿ կողմից դիտարկվող ցուցանիշները հաշվի են առնվում ոչ միայն երկրների ընտրության հարցում, այլ նաև ներկայացնում են երկրի շարունակական նպատակաուղղվածությունը դեպի լավ քաղաքականություն: ՀՀ կառավարությունը ՀՄԿ-ի հետ ստորագրած համաձայնագրով նաև պարտավորվել է ,պահպանել և բարելավել կատարողական գործունեությունը ցուցանիշների մասովե: Այս պահանջը վերաբերում է ՀՄԿ ծրագրի մասնակցության իրավասություն ունեցող բոլոր երկրներին և միայն Հայաստանի համար չէ:

Քանի որ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ուղղակիորեն անդրադարձ կունենան արդարացի կառավարման ոլորտի երեք ցուցանիշների, մասնավորապես` Քաղաքական իրավունքների, Քաղաքացիական ազատությունների և Ձայնի ու հաշվետվողականության վրա, մենք համոզված ենք, որ այս ընտրությունները բացասական միտումները հակադարձելու հնարավորություն են տալիս Կառավարությանը: Մեր քաղաքականության համաձայն ՀՄԿ-ի կողմից մտահոգություն դրսևորելու համար պարտադիր չէ, որ ցուցանիշներից որևէ մեկով ձախողում գրանցվի:

Թույլ տվեք պարզ ասեմ: ՀՄԿ-ն ակնկալում է նախորդ ընտրությունների համեմատ նշանակալի բարելավումներ տեսնել: ՀՄԿ-ն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կշարունակեն մշտադիտել իրավիճակը ու կդիտարկեն անկախ գնահատումները, մասնավորապես ԵԱՀԿ-ի գնահատականը ընտրությունների վերաբերյալ, քանի որ այդ գնահատումներում արտացոլվում են այն խնդիրները, որոնք ազդում են ՀՄԿ-ի կողմից դիտարկվող ցուցանիշների վրա:

Շնորհակալություն ՀՄԿ-ի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ: