ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թաղապետերն ու կուսակցականությունը
Երեւանի Դավթաշեն, Արաբկիր եւ Նոր-Նորք համայքների ղեկավարները «Դուք կուսակցակա՞ն եք» հարցին ի պատասխան ցուցադրեցին հանրապետական կուսակցության կրծքանշանները: Դավթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը հայտարարեց, թե «բոլոր երկրներում բոլորը կուսակցական են: Կա՞ մի երկիր, որտեղ համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ թաղապետը կուսակցական չլինի: Նման բան ոչ մի երկրում էլ չկա: Մենք էլ ենք անկախ մեզանից քաղաքականության մեջ: Ոնց կարող է լինել թաղապետ եւ քաղաքականության մեջ չլինի»:
Իսկ ահա Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը վստահ է, որ թաղապետի կուսակցական լինելը օգնում է աշխատանքին. «թիմային աշխատանք է դառնում: Ես համայնքի ղեկավար եմ ընտրվել, կուսակցական չեմ եղել: Մեր աշխատանքը գնահատեք, մեր կուսակցական պատկանելությունը ինչի համար է անհանգստացնում: Մեր կուսակցությունը իշխանության է եւ մեզ հուզող հարցերը ավելի օպերատիվ ձեւով կարողանում ենք բարձրացնել մեր կուսակցական ընկերների առջեւ, ովքեր այսօր կառավարությունում կամ ԱԺ-ում բարձր պաշտոններ են զբաղեցնում»: Իսկ եթե հանրապետականը իշխանության չլինի, դրանից ձեր աշխատանքը կբարդանա՞, հարցին էլ Հովհաննես Շահինյանը պատասխանեց, թե «ով իր աշխատանքի մեջ է` կշարունակի աշխատել»:
