Հասարակությունը ընտրությունից առաջ տրոհված է

Մարտի 9-ին տեսակետ ակումբում Սահմանադրական իրավունք միություն եւ ազգային անվտանգություն կուսակցությունների ղեկավարներ Հրանտ Խաչատրյանը եւ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեցին, որ կուսակցությունները չեն մասնակցելու 2007-ին ԱԺ ընտրություններին: Պատճառները տարբեր են:

Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ ԱԱ շատ անդամներ զբաղեցնում են դիրքեր, որոնք հենց միտված են ազգային անվտանգության խնդիրների լուծմանը եւ այդ առումով կարողանում են իրենց նպաստը բերել»: Մի խոսքով. այսօր տեղեկացրեց, որ այսօր իշխանության մաս կազմելով կարողանում են բավականին լուրջ խնդիրներ լուծել:

Հրանտ Խաչատրյանը հարցը ոչ միայն իրենց կուսակցության, այլ ողջ քաղաքական դաշտի կրտվածքով պարզաբանեց. «ընտրությունների մեկնարկը այնպիսին չէ ինչպիսին պահանջում են ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերները: Իրավիճակը նման է 1996 թվականին, երբ ընդդիմությունը միասնական հանդես գալու հարցն էր քննարկում», բայց այս անգամ արդյունք չեղավ, արձանագրում է ՍԻՄ-ը: Եվ սա ամբողջը չէ: «Հասարակությունը ընտրություններից առաջ տրոհված է: Մյուս կողմից եւ իշխանական եւ ընդդիմադիր դաշտերում կուսակցությունները որպես քաղաքական կուսակցություններ չեն հանդես գալիս, այլ որպես տվյալ պահին կոնյուկտուրային խնդիրներ ներկայացնող կազմակերպություններ: Չկա մեծ հույս որ ընդդիմադիր ճանբարը կփոխարինի այսօրվա մեծամասնությանը, բայց կան նախադրյալներ, որ մայիսի 12-ից հետո կարող են տեղի ունենալ քաղաքական սուր գործընթացներ, որոնք կարող են փոխել երկրի վիճակը: Իշխանական դաշտում դժվար է ասել, որ քաղաքական կուսակցություններ են հանդես գալիս, նրանց ակնկալիքները քաղաքական հավակնություններ չեն, լավագույն դեպքում իշխանության մաս կազմելու հավակնություն եւ այդ իշխանությունը իրենց ճաշակով եւ իրենց ձեւով վարելու ցանկություն է, քիչ են արծարծվում քաղաքական հարցեր», հայտարարեց Հրանտ Խաչատրյանը:

Գառնիկ Իսագուլյանը տեսնում է, որ ընտրություններին մասնակցող 27 կուսակցություններից միայն ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցություններն են, որ կազմակերպված կառույցներ ունեն եւ կազմակերպական առումով պատրաստ են: Հրանտ Խաչատրյանը դարձյալ այլ կարծիքին է. «մոռանում ենք, թե ինչ այլընտրանք ենք առաջարկում ժողովրդին: Մտահոգվենք առանց այլընտրանքի, առանց ընտրության ընտրությունից»:

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ Հայաստանում գործունեություն ծավալած կուսակցությունները դրսից չեն կառավարվում, բայց «կարող են դրսից ֆինանսավորվել»: Միաժամանակ նա համոզված է նաեւ, որ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, «հատկապես հանրապետության նախագահը կուսակցությունների ձեւավորման, քայքայման ստեղծման հետ որեւէ առնչություն չունի»: Հրանտ Խաչատրյանը էլի հարցը առավել ընդգրկուն է նայում. 20 տարիների ընթացքում քաղաքական դաշտը ձեւավորված չէ, կայացած կուսակցություններ չկան, չկան պայմաններ, որ ընտրություններին ներկայանան իրենց ընտրազանգվածի ներկայացուցիչներ: