«Փակագիծ» թերթի խմբագիրը հրավիրվել է դատախազություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացած գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում «Ագապ-Հրատ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Հայկազունու եւ մյուսների կողմից արգելանքի տակ գտնվող եւ բռնագանձման ենթակա դրամական միջոցներն ապօրինի տնօրինելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: «Ագապ-Հրատ» ՍՊԸ-ն «Փակագիծ» թերթի հրատարակիչն է:

Դատական ակտերի հարկադիր ծառայության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ «Ագապ-Հրատ» ՍՊԸ-ի տնօրենը եւ այլ պաշտոնատար անձինք չեն կատարել հարկադիր կատարողի որոշման պահանջները եւ ապօրինի տնօրինել են արգելանքի տակ գտնվող շուրջ 1,5 մլն դրամական միջոցներն ու թաքցրել գործարքները:

Նյութերի նախապատրաստման փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի հիման վրա, Ա.Հայկազունին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն բացատրություն տալու: Մարտի 6-ին Ա.Հայկազունին իր փաստաբանի հետ միասին ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հրաժարվել բացատրություն տալ: