ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իմպիչմենտ նրանց, ովքեր այսօր Հայաստանը փորձում են դարձնել հպատակների երկիր»
Մարտի 2-ին Մատենադարանի հրապարակում տեղի ունեցավ Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական, արդեն երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքի ելույթների առանցքը Իմպիչմենտի գաղափարն էր, որ առաջ էր քաշվել Այլընտրանքի առաջին հանրահավաքի ընթացքում ու ներկայացվել քաղաքական ուժերին, որպես միավորման գաղափար: Բայց ընդդիմության գաղափարը հավանության արժանացնելով հանդերձ, չկարողացավ միավորվել Իմպիչմենտի ցուցակով: Իմպիչմենտ դաշինք կազմեց միայն երկու կուսակցություն` Ժողովրդավարական Հայրենիքը եւ Պահպանողական կուսակցությունը: Արդեն պատրաստ է նաեւ այդ Դաշինքի համամասնական ցուցակը, որը սակայն չի հրապարակվում, մինչեւ որ սահմանված կարգով մարտի 3-ին կներկայացվի ԿԸՀ: Այլընտրանքի անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով, Իմպիչմենտի գաղափարը այդպիսով դարձավ այն լակմուսի թուղթը, որ ակնհայտ դարձրեց, թե ով է իրականում Քոչարյանի խամաճիկ եւ ով ընդդիմադիր, փոփոխությունների կողմնակից: Այդուամենայնիվ, Այլընտրանքը համոզված է, որ քաղաքական ուժերին հանրությունը պետք է պարտադրի խորհրդարանի ընտրությանը գնալ Իմպիչմենտի նպատակով, թեկուզ առանձին-առանձին, բայց նույն` Իմպիչմենտի նպատակով:
Այլընտրանքի նախձեռնող խմբի անդամ, Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է փաթեթային իմպիչմենտի մասին` իմպիչմենտ իշխանությանը, օլիգարխիային, Հայաստանում իշխող մտածողությանը, իմպիչմենտ այն նախագահին, որ վերարտադրությամբ փորձում են դնել նախագահի աթոռին: «Իմպիչմենտ բոլորին: Նրանց, ովքեր այսօր Հայաստանը փորձում են դարձնել հպատակների երկիր: Մենք նրանց ենթարկելու ենք իմպիչմենտի», ասում է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, եւ ըստ Այլընտրանքի, բոլոր օլիգարխները պետք է հանրությանը վերադարձնեն այն, ինչ խլել են այս տարիների ընթացքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանում պետք է ձեւավորել իշխանություն, որը տեր կկանգնի բոլոր նրանց, ովքեր իրենց ընդունակություններով պատրաստ են նպաստել երկրի զարգացմանը, Հայաստանը պետք է լինի ոչ թե իշխանության կամոք հարստացած կամ կաշառքով ու ծանոթով պաշտոնյա դարձածների, այլ սեփական ընդունակությամբ հաջողության հասած քաղաքացիների երկիր:
Հայկական Ժամանակի գլխավոր խմբագրի կարծիքով, քաղաքացիները չպետք է հուսահատվեն, չպետք է հիասթափվեն, նույնիսկ այն պարագայում, երբ զգան, որ քիչ են հանրահավաքի մասնակիցները:
