ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպասվում է թեժ պայքար եւ անակնկալներ
Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը մարտի 1-ին Փաստարկ ակումբում հայտարարեց, թե վստահ է, որ բոլոր այն անձիք` կուսակցությունների ղեկավարները, ովքեր վաղը պայքարելու են նախագահի աթոռի համար, բարոյական իրավունք չունեն մեծամասնական ընտրակարգով չառաջադրվելու: «Գոնե մի տարածքում մարդը մեծամասնություն չհավաքի՞, որ իմանա, ինքը կանցնի՞ նախագահ», հարցնում է Մանուկ Գասպարյանը: «Կուսակցությունների լիդերները թերթերում բարձր ռեյտինգների մասին են տպում, ծակերը մտան», հայտարարեց Մանուկ Գասպարյանը եւ հավելեց, որ հույս ունի, թե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տեր կլինի տղամարդու իր խոսքին եւ մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի: Նման հույս ունի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ:
Մանուկ Գասպարյանը կարծում է, որ աներկբա ԱԺ կմտնեն Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները. «մնացած կուսակցությունները այսպես թե այնպես պրոբլեմներ են ունենալու»: Կանցնեն ընտրվելո՞վ, թե՞ կեղծելով, հարցին ի պատասխան Մանուկ Գասպարյանը հայտարարեց. «Բարգավաճ Հայաստանի դեպքում ստացվել է մի այնպիսի վիճակ, ինչպիսին ստացվեց 1999 թվականին Կարեն Դեմիրճյանի ժամանակ: Ժողովրդի մի մասը գտավ մի մարդու որը ուժեղ է, որը կարող է այս ժողովրդին ինչ-որ մի բանով մեծ օգուտ բերի: Այստեղ Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը աշխատում է, լավ էլ աշխատում է: Ես համոզված եմ, համամասնական տեղերով ավելի շատ տեղեր է տանելու ԲՀԿ-ն, քան ՀՀԿ-ն, մի 3-4 պատգամավոր ավել: Հանրապետականի ռեսուրսի հալալ կեսը ստիպողաբար է: Բայց դրանց մի մասը դավաճանելու է: Բռնի կերպով հանրապետական մտցրածները ձայն չեն տալու: Բայց վարչական, բանակի, ոստիկանության, դատախազության ռեսուրսը կօգտագործվի մեծամասնականի վրա եւ բալանսը կշեղվի հանրապետականի օգտին»:
Ամեն դեպքում Մանուկ Գասպարյանը սպասում է թեժ պայքար եւ շատ անակնկալներ, հատկապես մեծամասնական ընտրատարածքներում: Նա դեմ լինելով արյունահեղությանը եւ արյունով հեղափոխություններին, կողմ է մեծ փոփոխությունների եւ հայտարարում է, որ եթե կեղծիքներ լինեն, ինքը բարիկադների վրա կլինի իր տղաների եւ ընտանիքի հետ:
