ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ
«Քո-չար-յան, սը-տա-խոս» վանկարկումներով այսօր Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Ֆիրդուսի, հին Նորքի, Ավան եւ Նորք Մարաշ համայնքների բնակիչները, ինչպես նաեւ Դալմայի այգետերերը բողոքի ակցիա էին անում նախագահական նստավայրի առջեւ: Հավաքվածները պահանջում էին վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները եւ վերջ դնել շարունակվող ապօրինություններին: Ցույցին մասնակցում էր մոտ 50 հոգի:
«Այն 10 տոկոս գումարը, որ իբր վերադարձրին, իրականում շատերը չեն ստացել, օրինակ, Աբովյան 1/3 հասցեի բնակիչ Ճղլյանը, Պուշկինի փողոցի բնակիչ Եդիգարյանը եւ այլն: Իսկ ում վերադարձրել են` վայրագաբար, քանի որ դրա մեջ էլ են փող աշխատել: Այլապես ինչո՞ւ հրապարակային չեն արել»,- դժգոհեց «Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ, Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:
Չնայած` վերջիններս դիմել էին բազմաթիվ կուսակցությունների, որպեսզի այսօր իրենց սատարեին, սակայն նրանց կողքին էին միայն ՀԺԿ անդամներ: Վերոնշյալ հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին. «ՀՀ ՍԴ որոշումը հաստատեց, որ Երեւանի կենտրոնում բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկվել են սեփականությունից հակասահմանադրական որոշումների հիման վրա: Որոշմանը հաջորդած 10 ամիսները ցույց տվեցին, որ պատկան մարմինները չեն պատրաստվում որեւէ կերպ վերականգնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները: Խնդրում ենք ձեզ` միանալ մեր արդարացի պայքարին եւ հրավիրում ենք մասնակցել բողոքի ցույցին»: Նույն խնդրանքով «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ն դիմել է «Ազգային միաբանություն», «Հանրապետություն», ԱԺՄ, ՕԵ կուսակցություններին:
Ցուցարարները գրեթե երկու ժամ նախագահի նստավայրի առաջ անցկացնելու հետո երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարանի շենք: «Պատգամավորները հայց են ներկայացրել «Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի սահամանդրականությունը վիճարկելու կապակցությամբ: Ինչո՞ւ է այն նշանակել մայիսի 4-ին, երբ արդեն ամեն ինչ պարզ է»,- բողոքում են բնակիչները:
Ի դեպ, կենտրոնի բնակիչների բողոքին էին միացել նաեւ թափառաշրջիկ բրոքերներից տուժված քաղաքացիներ. «Դատախազությունը սատարում է այդ անօրեններին` Ռուզան Ադամյան, Արթուր Գրիգորյան, Վիգեն Արզումանյան, Ավետիք Ամիրյան եւ այլն: Նրանք իբր թե փախած են, սակայն դատախազությունը չգիտես ինչու հետախուզություն չի նշանակում»:
