Հայ-թուրքական հարաբերություններն ունեն առանցքային նշանակություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլեւս կախված է մեր ներքին վարքագծից եւ ներքին որակներից, փետրվարի 23-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ցեղասպանության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ խոսելիս Րաֆ‎ֆի Հովհաննիսյանը նախ նկատեց, որ այս Թուրքիան եւ այս Հայաստանը չունեն երկկողմ որեւէ համաձայնագիր, իսկ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունից օգտվում են երրորդ երկրները: Տարածաշրջանում հայ-թուրքական հարաբերություններն ունեն առանցքային նշանակություն, համոզված է Րաֆֆի Հովհաննիսյանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էլ է կախված հայ-թուրքական հարաբերություններից: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարթությունում Հայաստանի քաղաքականությունն ավելի կառուցողական է եւ հասուն` դինավագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ իր բոլոր հարցերը լուծած եւ միաժամանակ նկատում է, որ եթե տարածաշրջանում վերացվում են բաժանարար գծերը, եթե ձեւավորվում է անվտանգության միասնական համակարգ եւ լայն համագործակցության դաշտ, ապա Հայաստանն ու Թուրքիան նվազագույնը միասին պետք է մտնեն ԵՄ: