ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մենք ենք մեր սեփականության տերը»
Կառավարության շենքի մոտ այս պահին շարունակվում է ժամը 11:00-ից սկսած ցույցը, որին մասնակցում են Երեւանի միանգամից չորս` Մյասնիկյան, Վերին Անտառային, Կոնդ, Կոզեռն թաղամասերի բնակիչները:
Նրանք խումբ-խումբ, յուրաքանչյուրն իր ցուցապաստառներով պահանջում էին ՀՀ կառավարությունից տալ իրենց տան ու հողատարածքի սեփականության իրավունքի վկայականները: Նրանք իրենց պահանջն օրինական են համարում, քանի որ դեռ 1990-ական թթ. սկսած, երբ դեռ չկար իրացման գոտի հասկացությունը, նրանք բազմիցս դիմել են Կադաստրի պետական կոմիտե ու անհիմն պատճառաբանություններով մերժվել: «1940թ. ապրում ենք այստեղ, բայց մեզ չեն տալիս սեփականության իրավունք: Բանակից տղաս գալիս է, չեն գրանցում, հարս ենք բերում, չեն գրանցում: Չգիտենք՝ ինչ է լինելու մեր վիճակը. մերժում են մեր դիմումներն ու որինչ չեն ասում, միայն անընդհատ կրկնում են՝ ծախված հողեր են ու վերջ»,- ասում է Վերին Անտառային թաղամասի բնակչուհի Անահիտը: «1998թ. հրաման եղավ, որ կարող ենք սեփականացնենք մեր գույքը: Մինչեւ թղթերը կարգի բերինք, գնացինք կադաստրից հանեցինք տարանք քաղաքապետարան, ասացին էլ հնարավոր չէ, վերջ, գործընթացը սառեցվել է»,- պատմում է նույն թաղամասի մեկ այլ բնակչուհի Հեղինեն:
Մյասնիկյան թաղամասի մի բնակչուհի էլ ասաց, որ թե կադաստրից, թե քաղաքապետարանից պատճառաբանությունները կարող են շատ բազմազան լինել, միայն թե չտան վկայականներ: «Գումար պետք է վճարեմ, որ ունենամ այդ վկայականը: Խնդրեմ, թող տան աշխատանք, աշխատավարձ, մենք կվճարենք ու մեր վկայականները կվերցնենք: Այս պահին մենք պահանջում ենք, որ մտնենք իրավական դաշտ: Մենք անօրինակ վիճակում ենք այստեղ ապրում»,- ասում է Նինան: «Ունենք գույքաթերթիկ, սակայն կադաստրը կատեգորիկ ասում է՝ չեմ տալիս վկայական ու վերջ, գնա դատարան դիմիր: 2006թ. օգոստոսից դատարանն անըդհատ՝ ոչ հա է ասում, ոչ՝ չէ»,- իր կողմից ավելացնում է Մյասնիկյան թաղամասի 17/2 հասցեի բնակչուհի Հասմիկ Գեւորգյանը:
Կոնդեցի մի բնակչուհի էլ բողոքեց, որ իրենց թաղամասում կան մարդիկ, որոնց տրվել են սեփականության իրավունքի վկայական, սակայն դրա տակ, չգիտես ինչու, գրված է «օտարման գոտի», արդյունքում քաղաքացուն այդ փաստաթղթով զրկվում են որեւէ գործարք կատարելու հնարավորությունից: «Դա նշանակում է, որ դու քո սեփականության տերը չես: Մեզ հարկավոր չէ նման սեփականություն. լիովին թող վերադարձնեն ամբողջ փաթեթը՝ գույքաթերթից մինչեւ հողի անձնագրով: Իսկ փոխհատուցումը կվերցնենք միայն շուկայական տվյալ պահի արժեքով, եւ ոչ մի կոպեկ պակաս»,- ասում է Կոնդի բնակչուհի Մանյան:
Իսկ «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը վստահեցնում է, որ միայն Կոնդ եւ Կոզեռն թաղամասներն էին, որ պաշտոնապես ճանաչվել են իրացման գոտի, մյուսների մասին ոչինչ չի ասվել: «Պահանջում ենք՝ նախկինում վարձակալության տրված հողային միավորների սեփականության ճանաչում: Այդ իրավունքը ճանաչվել է Երեւանի քաղաքապետարանի 2 որոշումներով: Մենք հույս ունենք, որ կառավարության ներկայացուցիչները հիմա կգան մեզ հետ հանդիպման, ու մենք նորից կներկայացնենք մեր բոլոր պահանջները»,- նշում է Սամվել Մկրտչյանը:
