ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Մելիքյանը չի զարմանում
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչած երկու ահազանգի վերաբերվեց մեծ թերահավատությամբ եւ հայտարարեց, որ ԶԼՄ-ների ոչ բոլոր ահազանգերին է թերահավատորեն վերաբերում:
Ահազանգ առաջին. տեղեկություններ կան, որ համատիրությունները բնակիչներին պարտադրում են դառնալ հանրապետական: «Ես կարծում եմ, որ ժամանակները նախընտրական են, եւ ցանկացած սադրանքի պատրաստ ենք պատասխանելու: Ես դա նույնպես սադրանք եմ համարում, չեմ հավատում այն ինչ-որ ասվեց ձեր կողմից: Կարծում եմ, վերջին ժամանակների ընթացքում, հատկապես որքան մոտենան ընտրությունները, այնքան նմանատիպ խոսացկություններ շատ են լինելու: Չեմ զարմանա, նույնիսկ եթե հայտարարվի, որ թե իբր Սադամ Հուսեյնի կախաղանի համար հանրապետականն է մեղավոր: Նման երեւույթներ շատ են լինելու: Ես դա բացառում եմ: Մենք նման քայլերի գնալու կարիք ընդհանրապես չունենք: Հանրապետականը միշտ արտահայտել է միշտ խոսում է եւ միշտ էլ պահպանելու է ազատ եւ արդար ընտրությունները, բոլոր միջոցներով, ինչը որ հնարավոր է եւ ինչը որ կա իր ձեռքի տակ», չհամաձայնվեց Գագիկ Մելիքյանը:
Ահազանգ երկրորդ, ավելի կոնկրետ ահազանգ: Երեւանի 119 դպրոցում ուսուցչական կազմին պարտադրում են դառնալ հանրապետական, առանց կարծիք հարցնելու: «Նման բողոքներ, կոնկրետ թիվ 119 դպրոցից չենք ստացել: Ես կփորձեմ ստուգել, բայց կարծում եմ, որ դա իրականությունից բավականին հեռու է լինելու եւ չի գտնվելու որեւէ ուսուցիչ, որը ձեր ասածը արտահայտի», պարզաբանեց Գագիկ Մելիքյանը: Ուսուցիչները կվախենան դիտարկմանն էլ պատասխանեց, որ հանրապետականից վախենալ պետք չէ: ՀՀԿ-ն ունի 65000 անդամ եւ Գագիկ Մելիքյանը հայտարարում է, որ եթե «տեռորով անդամագրեինք կունենայինք 600000 անդամ: Ինչ մի դժվար է ասենք 400000 անդամ ունենալը»:
370000 անդամ ունենալու մասին հայտարարող Բարգավաճ Հայաստանը տեռոր է՞ արել, հարցրեցին լրագրողները: «Չի կարելի այդպես ասել: Իրենք չեն ասում եւ որեւէ մեկի կողմից բողոք չկա, որ որեւէ մեկին ստիպողաբար այդ կուսակցության անդամ են դարձնում», էլի չհամաձայնեց Գագիկ Մելիքյանը: Բարգավաճ Հայաստանն ու հանրապետականը խոշոր քաղաքական ուժերն են եւ բավականին ձայներ կստանան, խոշոր քաղաքական ուժերին ընտրակեղծիքների գնալը ձեռնտու չէ, համոզված է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:
