Բնակիչները աջակցություն են փնտրում եվրոպական դատարանում

Երեւանի Տերյան 56 եւ Աղայան19 շենքերի բնակիչները (թվով 84 ստորագրություն) դիմել
են Հայաստանի նախագահին եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան` աջակցելու իրենց
իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հարցերում: Դիմումում մասնավորապես
ասվում է. «Մեր շենքերի միջեւ գտնվող ծառահատված պուրակում «Նուշիկյան ասոցիացիայի»
կողմից շարունակվում են ապօրինի շինարարության աշխատանքները: Հիշեցնում ենք, որ
պուրակում գտնվող 20 հաստաբուն ծառերը հատվեցին ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի
գիշերը, գողեգող` խիստ գաղտնի պայմաններում, այն էլ այն դեպքում, երբ ծառերի հատման
դեմ իր առարկություններն էր ներկայացրել համապատասխան Պետական լիազորված մարմինը:

Հիշեցնում ենք նաեւ, որ Երեւանի Քաղաքապետը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը,
խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, մեզ չեն տեղեկացրել համապատասխանաբար`

  1. կենսագործունեության միջավայրի ծրագրվող կամ քաղաքաշինական նախատեսվող այլ
    փոփոխությունների մասին,
  2. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանն առնչվող` նախատեսվող
    գործունեության իրականացման Ձեռնարկողի ծանուցման մասին

Այս օրինախախտումների հետեւանքով, մենք զրկվեցինք ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով
եւ ՄԻ եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված տեղեկատվություն ստանալու եւ
տարածելու մեր իրավունքներից
:

Քաղաքապետն առ այսօր, մեր իրավունքների պաշտպանության համար ստեղծված Հանձնախմբին
հրաժարվում է հնարավորություն տալ ծանոթանալու համապատասխան փաստաթղթերին: Որեւէ
պատկերացում չունենք իրականացվող նախագծի մասին` կառուցապատողն ինչ ուզում, այն էլ
անում է
:

Ըստ Հանձնախմբի, ձեռք բերած որոշ փաստաթղթերից պարզ է դարձել, որ բազմաթիվ
օրինախախտումներ /նաեւ ենթադրյալ կեղծիքներ/ կան տարածքի սեփականաշնորհման,
Ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինթույլտվության փաստաթղթային հարցերում:

Կառուցապատողն անգամ չի կատարել շինթույլտվությամբ սահմանված իր
պարտավորությունները, այն են` նախքան շինարարության սկսելը, ինչպես նաեւ այդ
ընթացքում, համաձայնության չի եկել կառուցապատման հետևանքով բնակիչներիս կրած
վնասների փոխհատուցման վերաբերյալ
:

Աջ ու ձախ ոտնահարվում են մեր եւ մեր երեխաների նաեւ տարրական իրավունքներն ու
ազատությունները, մասնավորապես`

  • ջարդել են ջրատար խողովակը` 3 օր զրկելով ջրից /այդ թվում, աղտոտվածության
    պատճառով/,
  • հիմնովին քանդել են ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող` երեխաների միակ
    խաղահրապարակը,
  • շինարարական աշխատանքներն իրականացնում են նախագծով հատկացված տարածքից դուրս /այդ
    թվում, հսկա մի շինտնակ տեղադրել են շենքին մոտեցող ճանապարհի վրա/` լրջագույնս
    վտանգելով մեր եւ հարեւանությամբ գտնվող դպրոցի երեխաների անցուդարձը,
  • այդ պատրվակով, անգամ աղբատարները խուսափում են մոտենալ շենքին եւ կուտակված աղբի
    հոտը որոշ ժամանակ տարածվել էր ամենուր:
  • շինտեխնիկայի աղմուկը լուրջ անհանգստություններ է պատճառում բնակիչներիս, այդ
    թվում, շաբաթ եւ կիրակի օրերին:

Քաղաքապետը, համայնքի ղեկավար, ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությունը,
ոստիկանությունը, դատախազությունը, հակահամաճարակային ծառայությունը ոչ մի միջոց
չեն ձեռնարկում շարունակվող ապօրինությունների հետևանքով մեր իրավունքների
պաշտպանության ուղղությամբ:

Ըստ Հանձնախմբի, դատարանները սկսել են արագացված դատական նիստերով ավարտել
դիմումների քննարկումները, որի հետեւանքով անիմաստ է դարձել անգամ մասնակցել այդ
նիստերին:

ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայությունը մեր բողոքներն ուղարկում է նրանց
քննարկմանն, ում ապօրինի գործողությունները բողոքարկում ենք:

Այսինքն, լայնածավալ եւ անթաքույց կամայականություններ:

Խնդրում ենք Ձեր միջամտությունը /աջակցությունը/ ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայիով սահմանված մեր հիշյալ իրավունքների եւ
ազատությունների պաշտպանության հարցերում»: