ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
10 ձեռնարկություն համարձակվել է դուրս գալ ստվերից
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարի 17-ին Ծաղկաձորում հայտարարել է, որ Հայաստանի ձեռնարկություններին առաջարկում են հարկային արտոնությունների համակարգ, որը թույլ կտա ստվերից դուրս գալու պարագայում վնաս չկրել: «Այդ փորձին, որ իրականացնում ենք սկանդինավյան ֆոնդային բորսայի հետ համատեղ, համաձայնել է մասնակցել Հայաստանի 10 ձեռնարկություն», ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա ասել է, որ այդ ձեռնարկությունների համար սահմանվելու է հնգամյա արտոնյալ հարկային ռեժիմ: «Առաջին երկու-երեք տարիներին նրանք վճարելու են 50 տոկոս քիչ շահութահարկ: Իրական արտահայտությամբ դա վնաս չէ բյուջեի համար, քանի որ մեր հաշվարկով, այդ ձեռնարկությունները փաստացի վճարելու են այնքան ծավալի հարկ, ինչքան այժմ», ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ձեռնարկությունները կստանան իրենց շուկայական արժեքի իրական գնահատականը, ինչպես նաեւ հնարավորություն` ձեռք բերել ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ:
