Ազատամարտիկը այրել է պանդոկը

Ուջան գյուղի մոտակա բարձրունքի վրա գտնվող «Սասուն» պանդոկում առանց բիզնես ծավալելու իրավունքի ապրող ազատամարտիկ Տարոն Հակոբյանը այրել է պանդոկը, ինչի համար արդեն երեք օր է, ինչ ոստիկանության բաժանմունքում է: Ազատամարտիկը դա արել է հոգեկան ծանր ու լարված վիճակում, բայց նա մոլագար կամ խելագար չէ: Նրան դրդել են: Այս պատմության նախապատմությունը երկար է:

Ուջանցի ազատամարտիկ Տարոն Հակոբյանն է զոհը, նրա զբաղեցրած «Սասուն» պանդոկը` թիրախը: Տարոն Հակոբյանը ունի փաստաթղթեր, համաձայն որոնց իրավունք ունի Ուջան գյուղի մոտակա բարձունքներից մեկի գագաթին գտնվող պանդոկում ապրել` առանց բիզնես ծավալելու իրավունքի: Ինչը եւ անում է արդեն մի քանի տարի: Բայց պանդոկը եւ նրան հարակից մոտ 2000 քմ տարածքը բավական գրավիչ պատառ է եւ չի վրիպել, ավելի ճիշտ գրավել է դաշնակցական Վարդգես Հակոբյանին: Տարոն Հակոբյանի ընկերների հավաստմամբ, դեռեւս 2002 թվականին Արագածոտնի դաշնակցական մարզպետ Հրայր Կապրապետյանը հասել է նրան, որ պանդոկն ու տարածքը փաստաթղթերով դարձել են Վարդգեսի սեփականությունը: Ըստ նույն մարդկանց, Հրայր Կարապետյանը անձնական շահագրգռվածություն էլ ունի: Իսկ Տարոն Հակոբյանին այլ բան չէր մնում, քան դիմել դատախազություն: Դժվար է ասել` Արագածոտնի մարզի դատախազ Համլետ Զաքոյանի որոշման վրա ազդել է ՀՅԴ-գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան առայժմ լուռ հակամարտությունը, թե ոչ, սակայն, Զաքոյանը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, որում շոշափվում է անշարժ գույքի կադաստրի մարզային մասնաճյուղի ղեկավարի անունը:

Հավանաբար անհանգստացած եւ մտահոգված քրեական գործ հարուցելու փաստից, ՀՅԴ որոշել է անցնել ակտիվ գործողությունների: Նախ վճռաբեկ դատարանը որոշել է, որ դաշնակցականն է իրավացի, իսկ 2006 թվականի հուլիսի 14-ին Աշտարակի ոստիկանության եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների հոծ բազմությամբ այցելել են պանդոկ` Տարոն Հակոբյանին եւ նրա ընտանիքին վտարելու նպատակով: Տարոն Հակոբյանին օգնության են եկել նրա ազատամարտիկ ընկերները եւ եղբայրները: Ի դեպ, Տարոն Հակոբյանը ունի չորս եղբայր, որոնցից երեքը, ինչպես եւ ինքը ազատամարտիկ են: Հուլիսին վտարում չէր եղել, եղել էր կռիվ-ծեծկռտուք ազատամարտիկի ընտանիք անդամների եւ ընկերների 20 հոգանոց ու ոստիկանության եւ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների 100 հոգանոց խմբերի միջեւ: Հիմա Տարոն Հակոբյանը, չդիմանալով ճնշումներին, դիմել է այդ ծայրահեղ քայլին: Տարոն Հակոբյանի կողմնակիցները հայտարարում են, որ պանդոկը գրավելու գործին մասնակցել է Աշտարակի ոստիկանապետ Կարո Կարապետյանը:

Ի դեպ, ազտամարտիկ Տարոն Հակոբյանը ընկերն է ազատամարտիկ Վարդան Մալխասյանի, ում երկու ամիս առաջ ձերբակալել են սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անելու համար: Ամռան կռվին Տարոն Հակոբյանի կողքին էր եղել նաեւ Վարդան Մալխասյանը: