ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այս անգամ Եվրոպան ընտրակեղծիքները չի հանդուրժի
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան փետրվարի 9-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ 2007 թվականի հունվարի 23-ին Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած թիվ 1532 բանաձեւում տեղ են գտել այն ձեւակերպումները, որոնք ԵԽ ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են. սկսած 1991 թվականից Հայաստանում ընտրությունները կեղծվել են, բայց Հայաստանը էլ չի կարող ընտրակեղծիքներով ընտրություններ անցկացնել: Բոյանա Ուրումովան հայտարարեց, որ այս անգամ Եվրոպան ընտրակեղծիքները չի հանդուրժի: «Ընտրական օրենսգիրքը կատարյալ եւ անթերի չէ, բայց այն հավուր պաշտաճի ի կատար ածվելու դեպքում ազատ, արդար ընտրություններ անցակցնելու հավանականությունը կմեծանա», հայտարարեց բանախոսը:
Ընտրակեղծիքներ լինելու դեպքում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունների հարցը կարող է բարձրանալ. «եթե դա լինի դա կնշանակի հարված այդ շրջանակներում երկրի զբաղեցրած դիրքին, եթե նման հարց բարձրացվում է, դա արդեն բացասական տպավորություն է ստեղծվում: Հուսանք, որ բանը դրան չի հասնի»: Բոյանա Ուրումովայի խոսքով, Հայաստանի վերաբերյալ 1532 բանաձեւին կողմ են քվեարկել Հայաստանի բոլոր պատվիրակները, ինչը նշանակում է, որ Հայաստանն ընդունում է բանաձեւի կետերը:
ԵԽ ներկայացուցիչը ի գիտություն է ընդունում եւ հավաստիացում համարում ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե նա ցանկանում է ազատ, արդար ընտրություններ: Իսկ ահա ընդդիմադիրների հայտարարությունները, թե ընտրություններից առաջ նյութական արժեքներ բաժանելը նշանակում է, որ ընտրություններն արդեն կեղծվել են, տիկին Բոյանան չի մեկնաբանում. «ընտրությունները դեռ չեն կայացել: Ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 12-ին: Սպասենք ընտրությունների արդյունքներին եւ մեր դիտորդների գնահատականներին: Այսպես կոչված նվիրատվություններին մեր դիտորդների գնահատականներում անդրադարձ կլինի»: Բոյանա Ուրումովան հուսով է, որ իր ներկայացրած կառույցից դիտորդներ կհրավիրեն եւ հայտարարում է, որ նախատեսվում է դիտորդների ժամանում նախքան բուն քվեարկությունը: ԵԽ նաեւ ընտրողների համար բացատրական աշխատանքներ կիրականացնի եւ փորձելով բոլորին հասկացնել` գնահատել իրենց ձայնի արժեքը, նշանակությունը, դերը: Բացի սրանից, կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների դերը, եւ բանախոսն առաջարկում է վերանայել եւ ՀՌԱՀ, եւ Հանրային հեռուստաընկերության խորհուրդները ձեւավորելու կարգը: Սակայն օրենսդրական փոփոխությունների կարեւորությունից ոչ պակաս կարեւոր է համարում այդ օրենքները կիրառելը: Ընտրությունների ընթացքում հեռտուստա եւ ռադիոընկերությունների վարքին, մասնավորաբար վճարովի եթերաժամի համար սահմանած գներին նույնպես անդրադարձ կլինի ԵԽ դիտորդների գնահատականներում: Այս ոլորտում արդեն մոնիտորինգ է անցկացվում լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի աջակցությամբ:
«Հայաստանը խնդիր ունի չկրկնել անցած ընտրությունների ընտրակեղծիքները, չկրկնել անցած ընտրությունների արդյունքների գնահատականները», հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Պատասխանատուն իհարկե քաղաքական դերակատարություն ունեցող ուժերն են եւ ԿԸՀ-ն: Նաեւ ընդդիմությունը, ում Բոյանա Ուրումովան առաջարկում է չկրկնել 2005-ի հանրաքվեի պահվածքը` չբոյկոտել ընտրությունները:
