Արա Սաղաթելյանի ավտոմեքենայի հրկիզման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Երեկ երեկոյան հրկիզվել է «Իմ իրավունքը» շաբաթաթերթի եւ panorama.am ինտերնետային
կայքի սեփականատեր, նախկինում արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանի «Նիսան-էքստերա»
մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը վարում է ոստիկանության Էրեբունու բաժինը:

Մեքենան հրկիզվել է Մովսես Խորենացու փողոցի թիվ 34 շենքի բակում, որտեղ գտնվում են
նշված լրատվամիջոցների խմբագրությունները: Արա Սաղաթելյանը «Ազատություն»
ռադիոկայանին ասաց, որ կրակը հանգցրել է ինքը` հարեւանների օգնությամբ:

«Այս պահին ենթադրություններ անել չեմ կարող: Ավելի շատ` չեմ ուզում, քանի որ
ընթանում են քննչական գործողություններ», - ասաց Սաղաթելյանը: - «Կարող եմ ասել, որ
ամենայն հավանականությամբ սա կապված է այդ լրատվամիջոցների [«Իմ իրավունքը» եւ
panorama.am] գործունեության հետ, որովհետեւ փաստացի այլ գործունեության դաշտ ես
չունեմ»:

Նա նաեւ ասաց, որ որեւէ սպառնալիք չի ստացել. - «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկի հետ
մեքենայի այրման պահին ես ունեցել եմ անհարթելի կոնֆլիկտներ»:

«Կատարվածը որեւէ կերպ չի ազդելու թերթի եւ կայքի աշխատանքների վրա», -
հավաստիացրեց Արա Սաղաթելյանը:

Այս տարի սա լրագրողի մեքենայի հրկիզման երկրորդ դեպքն է: Անցած շաբաթ հրկիզվել էր
մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի ավտոմեքենան:

Ռուզաննա Ստեփանյան