Նոր գիրք Հարավային Կովկասի եվրոպական հեռանկարի մասին

Վահրամ Սողոմոնյան

Եվրոպական ինտեգրացիան և հեգեմոնիան Հարավային Կովկասում
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի ճանապարհին

Նոմոս հրատարակչություն, հատոր 140, 2007թ.

ISBN 978-3-8329-2403-4


Հունվարի 25-ին Congress հյուրանոցում DAAD Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը կազմակերպել էր Վահրամ Սողոմոնյանի «Եվրոպական ինտեգրացիան և հեգեմոնիան Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքագետների, վերլուծաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հեղինակին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Գիրքը լույս է տեսել գերմանական հեղինակավոր Նոմոս հրատարակչությունում և առայժմ միայն գերմաներեն է:

Հետազոտության մեջ փորձ է արվում վեր հանել այն սոցիալական ուժերն ու քաղաքական գործընթացները, որոնք ուղղորդում են ձևավորվող եվրոպական նախագիծը մեր տարածաշրջանում` հեգեմոնիալ հավակնություններ ունեցող մյուս դերակատարների` ԱՄՆ և Ռուսաստանի կողքին: Այս համատեքստում է, որ Եվրամիության «Նոր հարևանության» ծրագիրը նպաստավոր է դառնում Հարավային Կովկասի հատկապես ինտեգրացիոն կողմնորոշում ունեցող ուժերի համար:

Տարածաշրջանային տրանսֆորմացիան խթանող կապիտալի երկու հիմնական խմբերն են սփյուռքի կապիտալն ու նավթային ընկերությունները: Ընդ որում, արտադրական կառույցների առկայությունն է, որ կարող է անհրաժեշտ հիմքեր ստեղծել եվրոպական ընդհանուր շուկայի գեո-տնտեսական ազդեցությունը դեպի Արևելք ընդլայնելու համար: Բացի այդ, սփյուռքի դերակատարների ներգրավումն անուղղակիորեն կապված է Հայաստանի կողմից եվրոպական օրենսդրական բազայի ընդունման գործընթացի հետ: Ֆունկցիոնալիստական մոտեցման համաձայն` փոխադարձ կախվածությունների խորացումն է ձևավորում Հարավային Կովկասի ինտեգրացիոն շրջանակը: Միաժամանակ իր հարևանների համեմատ առավել բազմաճյուղ տնտեսություն ունեցող Հայաստանը փնտրում է Եվրամիության հետ այն ընդհանուր շահերը, որոնք կապահովեն սեփական դերը Հարավային Կովկասի ազգային վերնախավերի կոնսենսուսին արժանացող համագործակցության մոդելի մեջ:

Եվ վերջապես, Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները, եվրոպական հետազգային ինքնության ձևավորման ու սահմանադրական գործընթացի համատեքստում, առաջ են բերում Եվրոպայի քաղաքական սահմանների հարցը ու կանխորոշում են տարածաշրջանի գործառույթները միավորված Եվրոպայի շրջանակներում:

Երեք երկրներից յուրաքանչյուրի բարեփոխումների ազգային ծրագրերից ելնելով` խնդիր է դրվել ուրվագծել Հարավային Կովկասի տարածաշրջանային կոնֆիգուրացիան` իր երեք բաղադրիչներով, այն է` տնտեսական, հասարակական և ինտեգրացիոն: Գրքում փորձ է արվում պարզաբանել հետևյալ հիմնական հարցադրումը.

Որոնք են տարածաշրջանում այն սոցիալական ուժերն ու քաղաքական դերակատարները և նրանց կողմից ձեվավորվող մոտեցումները, որոնց վրա հենվում է եվրոպական ռազմավարությունը Հարավային Կովկասում:

Վահրամ Սողոմոնյանը, ծնվ. 1977-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի գերմաներենի բաժինը: 2002-ից 2006-ը աշխատել է Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտի, պրոֆեսորներ Ֆրանկ Դեփեի և Հանս-Յուրգեն Բիլինգի ղեկավարած «Եվրոինտեգրացիա» հետազոտական խմբում: 2005-ին հեղինակն արժանացել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության DAAD 2005 մրցանակին` քաղաքական սուր թեմայով գերազանց դոկտորական աշխատանքի համար:[/p]