ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները այսուհետ կարող են բողոքարկվել
Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը որոշեց, որ Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները ենթակա են դատական կարգով
բողոքարկման:
Հայցով Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի 30 պատգամավորներ` պնդելով,
որ սպառողին դատական կարգով բողոքարկման իրավունքից զրկելը հակասում է երկրի
Սահմանադրությանը:
Դատարանի որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը.
- «Առաջին` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ
հոդվածի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի հանձնաժողովի
սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն,
համապատասխանում է Սահմանադրությունը: Երկրորդ` «Հանրային ծառայությունները
կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ
ամրագրված դրույթը, համաձայն որի հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները
դատական կարգով բողոքարկման ենթակա չեն, ճանաչել Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»:
Նշված հոդվածը բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից. - «Հանձնաժողովի
ընդունած իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի
սահմանած սակագների մեծությունը դատական կարգով բողոքարկման եւ փոփոխման ենթակա չէ»:
Այսպիսով, այսուհետ սպառողը կարող է դատարանում վիճարկել Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի որոշումները, որոնցով մատուցվող այս կամ այն ծառայության
համար հանձնաժողովը սահմանել է սակագներ: Եթե դատարանը հիմնավոր համարի քաղաքացու
ներկայացրած փաստարկները, կարող է իր որոշմամբ հանձնաժողովին սակագնի վերանայման
առաջարկ ներկայացնել: Հանձնաժողովը կարող է վերանայել հայտը եւ բավարարել կամ
չբավարարել այն:
Աստղիկ Բեդեւյան
