Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունն ընդունված է

Համաձայն կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի
նախնական արդյունքների, որոնք այսօր առավոտյան հրապարակեց Հանրաքվեի կենտրոնական
հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, չճանաչված հանրապետության հիմնական օրենքն
ընդունված է:

Նախնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ցուցակներում ընդգրկված 90 հազար 77
ընտրողներից 78 հազար 389-ը կամ 87,02 տոկոսը:

Սահմանադրության ներկայացված նախագծի օգտին է քվեարկել 77 հազար 279 ընտրող կամ
քվեարկությանը մասնակցածների 98,58 տոկոսը, դեմ՝ 549 ընտրող կամ հանրաքվեի
մասնակիցների 0,70 տոկոսը:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է
ընդունված, երբ դրա օգտին է արտահայտվել քվեարկության մասնակիցների կեսից ավելին,
բայց ոչ պակաս, քան ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը:

Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ