ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում բաց չթողնել առաջընթացի հնարավորությունը
Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել բաց չթողնել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորությունը:
Այդ մասին ասված է Եվրամիության անունից արված հայտարարության մեջ, որը Բրյուսելում
ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընթերցել է Եվրամիությունում նախագահող
երկրի՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան:
Եվրամիությունը գոհունակություն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ
հարեւանության Եվրոպական քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունման
կապակցությամբ:
«Հուսով ենք, որ դրա կիրառումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում եւ
Եվրամիության ու Հարավային Կովկասի երկրների միջեւ կապերը», - ասված է
հայտարարությունում:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության վկայությամբ, փաստաթղթում նշված է նաեւ, որ
Եվրամիությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
«Երկու կողմերին կոչ ենք անում բաց չթողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը»,
- ասված է Եվրամիության հայտարարությունում: - «Մենք ողջունում ենք հրդեհված
տարածքներում իրավիճակի գնահատման ԵԱՀԿ-ի առաքելության հաջող աշխատանքը եւ շփման
գծի երկու կողմերից պաշտոնական անձանց հանդիպումը»:
