ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անհայտ կորածների հարցը «առեվտրի է վերածվել»
Պետությունն անհայտ կորածների փնտրման եւ վերադարձման առումով ոչինչ չի անում:
Ավելին, երբ անհայտ կորածների ընտանիքները ,ջանք չխնայելով փնտրման աշխատանքներ են
ծավալում, խոչընդոտում է: Այսօր «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում»
թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ընտանիքներին տալիս են մի թուղթ, որ նրանց որդին անհայտ կորել է: Երբ փորձեր են
անում տեղեկություններ ստանալու, խանգարում է: Ստիպված նրանք ի վերջո դիմում են
դատարան, որ վերջինս իրենց որդուն ճանաչի մահացած` սոցիալական խնդիրներին լուծում
տալու համար»,- ասում է իրավապաշտպանը:
Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության հարցումների` ռազմական գործողությունների
ընթացքում 213 զինծառայողներ անհայտ կորել են, որից 130 դատարանի կողմից արդեն
ճանաչվել են մահացած: «Անհայտ կորածներին գտնելու, վերադարձնելու համար անհրաժեշտ է
նախ հստակեցնել, թե ոնց եւ որտեղ են կորել: Մինչեւ հիմա հայտնի չէ: Երկու կողմերն
էլ` Ադրբեջանն ու Հայաստանը, ներկայացնում են միայն, որ դիմացինի մոտ է կորել»,-
նկատեց Արթուր Սաքունցը: Վերջինս կարծում է, որ երկու պետությունների միջեւ «առեւտուր
է գնում», քանի որ փնտրման առումով մեկը մյուսի վրա է գցում` դուք գտեք, տվեք, մենք
էլ նույնը կանենք: Փոխարենը մեր պետությունը ետմահու շքանշաններ է տալիս անհայտ
կորածների ընտանիքներին. «Դա արվում է, երբ փաստացի մահացածության վերաբերյալ
տվյալներ չկան»:
Հարավկովկասյան մյուս պետություններում` օրինակ Վրաստանում անհայտ կորածների թիվը
500 է, իսկ Ադրբեջանում` 4998: «Ադրբեջանցի ընկերներն անկեղծացան մեզ հետ եւ ասացին,
որ այդ թվի մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն մասնակցել զինծառայության եւ
մահացել են ցրտահարությունից եւ այլն»,- ասաց Արթուր Սաքունցը: Ի դեպ, ռազմական
գործողություններից հետո` 1997թ. կորել են երկու մարդ` Նախիջեւանից եւ Մարտակերտի
Մադաղիս գյուղից:
Նոյեմբերի 24-25-ին Վանաձորում «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում»
թեմայով տարածաշրջանային համաժողով է անցկացվել, որին մասնակցել են Վրաստանի,
Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները
մշակել են համատեղ հայտարարություն` ուղղված երեք պետությունների ղեկավարներին,
այնպես էլ միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն:
«Պահանջել ենք հատուկ ուշադրություն դարձնել անհայտ կորածների եւ բռնի
անհետացածների խնդիրներին»,- ասաց Արթուր Սաքունցը:
