ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արման Բաբաջանյանի դատավճիռը` դեկտեմբերի 11-Ին
«Սա սովորական քրեական գործ է եւ չպետք է այն քաղաքականացնել: Սրա մեջ որեւէ այլ
դիտավորություն չկա»,- այսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ
դատարանում «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատական նիստի
ժամանակ իր մեղադրական ճառում նկատեց մեղադրող Ժաննա Կոդիկյանը:
Վերջինս պնդում է, որ Արման Բաբաջանյանը կատարել է հափշտակություն եւ ոչ թե
հետապնդվում է լրագրողական պարտականությունները կատարելու համար: Մեղադրող կողմը
դատարանից պահանջեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:
Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը հանդես եկավ մի շարք միջնորդություններով,
որոնցից միայն մեկն ընդունվեց ամբողջությամբ եւ կցվեց գործին, մնացածը կամ մերժվեց,
կամ ընդունվեց մասնակի: Ընդունված միակ միջնորդությունը Արման Բաբաջանյանի անձի
վերաբերյալ բնութագրերն էին:
Ի դեպ, դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց նաեւ մի անդորագիր,
համաձայն որի, օրենքով սահմանված կարգով նա մուծել է զինծառայությունից խուսափելու
համար նախատեսված մուծումը: Սա դատարանը մերժեց կցել գործին, քանի որ այդ
համապատասխան հանձնաժողովը պետք է որոշի:
Պաշտպանական կողմը հանդես չեկավ պաշտպանական վճռով` փոխարենը խնդրեց ժամանակ`
պատրաստվելու: Դատարանը միջնորդությունը ընդունեց` դատական նիստը հետաձգելով մինչեւ
դեկտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը կալանավորված է հունիսի 26-ից: Նա մեղադրվում է
պարտադիր զինծառայությունից խուսափելու, փաստաթղթերի կեղծման եւ հափշտակության մեջ:
Առաջին ատյանի վճռով Արմեն Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Ի դեպ, դատական նիստին փաստաբանները ներկայացրեցին Լոս Անջելեսից ուղարկված մի
փաթեթ, որի մեջ ԱՄՆ 6000 քաղաքացիներ ստորագրել էին մի հայտարարության տակ,
համաձայն որի, Արման Բաբաջանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվել իր լրագրողական
պարտքը կատարելու համար: «Մի քիչ կասկածելի է թվում, այդ նա ով է դարձել, որ 6000
քաղաքացիներ նրա համար ստորագրում են»,-ծաղրեց տիկին Կոդիկյանը:
