Երիտասարդների խումբը բողոքի նամակ է փոխանցել Հայաստանի արտգործնախարարին

Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպած
մի խումբ երիտասարդներ նամակ են փոխանցել Հայաստանի արտգործնախարար Վարդան
Օսկանյանին` պահանջելով «պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերին
ազգային հողի վրա իրականացվող բռնություններից»:

Բողոքող երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ ավելի վաղ երկու
անգամ ցույցեր են կազմակերպել Երեւանում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ, բայց
դրանից հետո էլ հայազգիներ են սպանվել Ռուսաստանում:

«Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանում սպանվել
է երեք հազարից ավելի հայ», - պնդում են նամակի հեղինակները` շարունակելով. - «Հայաստանի
տարին Ռուսաստանում ուղեկցվում է հայազգի պատանիների վայրագ սպանություններով»:

Նոյեմբերի 11-ին մերձմոսկովյան Իվանտեեւկա քաղաքում 15-ամյա Նարեկ Քոչարյանի
սպանությունը «վերջինն է ոճրագործությունների` սովորական դարձած այս շղթայում»:

«Այսօր մենք խորը վիշտ ենք ապրում մեր երիտասարդ հայրենակցի դաժան սպանության
կապակցությամբ: Սակայն խորը վշտից զատ ենք նաեւ չափազանց վրդովված ենք «կոմպլեմենտարիզմի»
շղարշի տակ թաքնված հանցավոր անգործությամբ», - գրում են բողոքի նամակի հեղինակները:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կիրառի բոլոր միջոցները,
որպեսզի մեր քաղաքացիները այդ երկրում իրենց ավելի պաշտպանված զգան», - «Ազատություն»
ռադիոկայանին ասաց նամակի հեղինակներից Իզաբելլա Սարգսյանը:

Հանրապետության հրապարակի անցորդներից շուրջ 200 մարդ իրենց ստորագրությունները
դրեցին նամակի տակ, որը փոխանցվեց արտգործնախարարության աշխատակից Մարինա Բալայանին,
ով խոստացել է այն փոխանցել Վարդան Օսկանյանին:

Աստղիկ Բեդեւյան

Լուսանկարները՝ Յուլիուս Բելանոշկա, ՔՀԻ

Տես նաեւ՝ [url=http://oneworld.blogsome.com/2006/11/17/anti-racism-protest/ target=_blank]Oneworld Multimedia Blog[/url]