Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց մի քանի ժամ

Չորեքշաբթի օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկված 24
դատապարտյալներ հացադուլ էին սկսել` պահանջելով հանդիպում արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյանի հետ: Օրվա երկրորդ կեսին, սակայն, դատապարտյալները
դադարեցրեցին հացադուլը:

Ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը քրեակատարողական հիմնարկից «Ազատություն»
ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ նախկին պետի օրոք ամեն ինչ նորմալ էր, իսկ
հիմա խստացվել են ցմահ դատապարտյալների` ընտանիքների անդամների հետ
տեսակցությունների թիվը, վատացել է սնունդը, բուժսպասարկման մակարդակը եւ այլն:

Ըստ կալանավորների, իրենց պահանջներն օրինական են, ինչի հետ համաձայն չեն
արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում եւ քրեակատարողական
տեսչությունում:

Նախարարության քրեակատարողական վարչության պետ, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանի
փոխանցմամբ, մասնավորապես, տեսակցությունների հարցով ոչ թե կարգն է փոխվել, այլ «տեսակցությունները
եւ դատապարտյալի հետ վարվելակերպն ու վերաբերմունքը լրիվ անցել է օրենսդրական դաշտ»:

Վարչության պետն ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում է, թե մինչեւ օրս բոլոր
տեսակցություններն իրականացվել եւ իրականացվում են:

Առողջապահության տեսանկյունից, վարչության պետի հավաստմամբ, իրենք արձագանքում են
բոլոր դիմումներին, եւ նույնիսկ եղել են դեպքեր, երբ դատապարտյալը բուժզննում է
անցել քաղաքացիական հիվանդանոցում:

Ցմահ ազատազրկման դատապարտված Անուշավան Ղազարյանի մահվան կապակցությամբ Աշոտ
Մարտիրոսյանը նշեց հետեւյալը. - «Անուշավան Ղազարյանը բավականին ժամանակ գտնվում էր
կենտրոնական հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ... Բազմաթիվ ու բազմատեսակ
բուժումներից հետո նրան փրկելը անհնարին դարձավ: Անհրաժեշտության դեպքում
ցանկացածին կարող ենք տրամադրել հիվանդության պատմությունը»:

Աշոտ Մարտիրոսյանը ամբողջովին անօրինական է համարում դատապարտյալների դժգոհությունը.
- «Ավելին` վարչության ղեկավարությունը եւ հիմնարկի ղեկավարությունը չի պատրաստվում
կատարել ոչ մի ցմահ դատապարտյալի անօրինական պահանջ»:

Արդարադատության նախարարության տեսչության պետ, գնդապետ Կառլեն Թորոսյանի
գնահատմամբ եւս, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նոր պետ Վահան Մարգարյանը
գործում է միմիայն օրենքի սահմաններում, սակայն, նրա բնորոշմամբ` իր բարձրության
վրա չի եղել հիմնարկի նախկին պետ Արամ Սարգսյանը, որը «հանդուրժողական
քաղաքականություն ուներ»:

«Եվ այսօր, երբ նոր պետը արդեն դրել է աշխատանքները օրենսդրական դաշտի վրա եւ
խստորեն հետեւում է այդ օրենքների կատարմանը, արդեն հասկանալի է, թե ինչն է այսօր
դժգոհության պատճառը», - եզրափակեց նա:

Երեկոյան արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը տարածեց
հաղորդագրություն, ըստ որի` «նոյեմբերի 1-ի ժամը 19-ի դրությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»
ՔՀ-ի թվով 24 դատապարտյալներ, որ նույն օրը մի քանի ժամ առաջ հացադուլ էին
հայտարարել` օրենքով նախատեսված կարգով, իրենց դիմումի համաձայն դադարեցրեցին
հացադուլը»:

Տեղեկություններ չկան, թե արդյոք կատարվե՞լ են հացադուլավորների պահանջները:

Հովհաննես Շողիկյան