ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հակոբ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ երեկ մեղադրանք է
առաջադրվել խորհրդարանում գլխավոր դատախազի հրապարակած միջնորդագրում նշված բոլոր
դրվագներով:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Հակոբյանը հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ
գյուղում կազմակերպել եւ կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ խուլիգանական
արարք է կատարել, ինչպես նաեւ խուսափել է հարկեր վճարելուց եւ չարաշահել է
լիազորությունները: Վերջին արարքները, ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի,
պատգամավորը կատարել է 1991-2005 թվականների ընթացքում:
Երեկ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ռուբեն Սարգսյանը:
Հովտաշատի միջադեպից հետո Հակոբ Հակոբյանի հետ ձերբակալվել էին պատգամավորի
թիկնազորի ղեկավարը, ինչպես նաեւ գազալիցքավորման կայանի երկու աշխատակից:
Ձերբակալության 72 ժամը լրանալուն պես երեքն էլ ազատ են արձակվել, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին գլխավոր դատախազությունից, նրանց նկատմամբ մեղադրանք
առայժմ չի առաջադրվել:
Նախաքննության մարմինը շարունակում է քննությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն
հաղորդվում:
Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ հարուցված քրեական գործերով այլ մեղադրյալներ
էլ ներգրավվեն:
Ինքը Հակոբ Հակոբյանն առայժմ խուսափում է որեւէ տեսակետ կամ մեկնաբանություն
հայտնել լրատվամիջոցներին:
Նրա շահերի պաշտպան Ռուբեն Սարգսյանը, բացի նրանից, որ երեկվանից ստանձնել է
պաշտպանությունը, այլ տեղեկություն տրամադրել այսօր հրաժարվեց՝ պարզաբանելով, որ
առանց պաշտպանյալի հետ խորհրդակցելու չի կարող դա անել:
Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել է անցած շաբաթավերջին:
Կարինե Քալանթարյան
