ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրենքից վեր չէ՞. խորհրդարանը զրկում է Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
Խմբագրի կողմից` Խորհրդարանն ամբողջ ցերեկ տևած արտահերթ նիստի արդյունքում որոշում ընդունեց համաձայնություն տալ, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին ներգրավեն որպես մեղադրյալ: Հակոբյանը մեղադրվում է այս շաբաթվա սկզբում խմբակային քաշքշուկ նախաձեռնելու մեջ, որի ընթացքում հրազեն է կիրառվել ,և մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել:

Պատգամավորները 56 կողմ և 22 դեմ քվեարկությամբ որոշեցին, որ Հակոբյանը պետք է պատասխան տա իր արարքների համար:
Որոշումն ընդունելուց հետո Հակոբյանը դիմել է իր գործընկերներին և, ըստ «Ա1+»-ի, ասել. «Այո, ես դա արել եմ և կանխել եմ արյունահեղությունը»: Հակոբյանն ասել է, որ ինքը դեմ չէ հետաքննությանը, բայց եթե փորձեն ոտնահարել իր իրավունքները, կդիմի պաշտպանության: «Ես զգուշացնում եմ ձեզ, ես մահից չեմ վախենում»:
Հայաստանի անկախության 15 տարիների ընթացքում Հակոբյանը դարձավ հինգերորդ պատգամավորը, որին նրա գործընկերները զրկեցին պատգամավորական անձեռնմխելությունից:
Անցյալ կիրակի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը ոմանք համարում են ազդանշան, որ իշխանությունների «հակակրիմինալ» արշավը պետք է լուրջ ընդունել:
Ովքեր ծանոթ չեն, թե ինչպես է Հայաստանում գործում օրենքը, կարող են հարցնել, թե ինչպե՞ս կարելի է մարդուն չձերբակալել զինված հարձակման համար: Սակայն Հայաստանում, որտեղ ազդեցությունն ու դիրքը հաճախ օրենքից զորեղ են լինում, պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալման լուրն աշխույժ քննարկումների թեմա դարձավ:
43-ամյա Հակոբյանը ձերբակալվել է հոկտեմբերի 8-ին «խուլիգանական արարքի» համար` այն բանից հետո, երբ ծեծկռտուք է սարքել` մոտ 60 մարդու մասնակցությամբ ու կրակոցներով: Չորս մարդ լուրջ վնասվածք է ստացել:
Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` որոշելու Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցը: Ըստ օրենքի` Ազգային ժողովի պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ԱԺ համաձայնությունը:
Ըստ տեղեկությունների` Հակոբյանը զայրացել է, երբ իմացել է, որ փակել են իրեն պատկանող գազալիցքավորման կայանին գազ մատակարարող ապօրինի խողովակը: Խողովակի փականը բացելու նպատակով էլ հոկտեմբերի 8-ին Հակոբյանը երեք հոգու ուղեկցությամբ գնում է գազաբաշխիչ կայան: Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող գազաբաշխիչ կայանի պահպանությունն իրականացնող անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս մտնել կայանի տարածք և արժանի հակահարված են տալիս Հակոբյանի ու նրա ուղեկիցների` ուժ ցուցադրելու փորձերին: Ըստ որոշ տեղեկությունների` կայանի անվտանգության աշխատակիցները ՀՀ Ֆուլկոնտակտ կարատեի ֆեդերացիայի անդամներ են, իսկ այդ ֆեդերացիան փաստացի գտնվում է նախագահի պահակազորի ղեկավար Գրիշա Սարկիսյանի ղեկավարության տակ:
Միջադեպի առնչությամբ հարցաքննվել է անվտանգության ծառայության երկու աշխատակից: Հակոբյանն ազատ է արձակվել չորեքշաբթի և այսօրվա խորհրդարանի նիստից առաջ սկսել է հանդիպել պատգամավորների հետ:
Գեներալ Մանվել Գրիգորյանից հետո Հակոբյանը Էջմիածնի երկրորդ հեղինակությունն է: Նրա օրենսդիր գործընկերներն ասում են, որ կիրակի օրվա դեպքերը ձեռնտու են իշխանություններին, որոնք ցանկանում են ցուցադրել օրենքը կիրառելու իրենց պատրաստակամությունը` առանց պաշտոն ու դիրք հաշվի առնելու:
«Մինչև Հակոբ Հակոբյանը շատ մարդիկ, որոնցից Հակոբյանը ոչնչով վատ չէ, կարողացել են օրենքի ողջ խստությունից խուսափել,- ասում է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: - Դա վատ է, բայց այս վատը չպետք է դառնա նախադեպ այս դեպքում` թե մեր էն ախպորը ներել ենք, ներենք մեր էս ախպորն էլ»:
Հակոբյանն ընտրվել է Էջմիածնի թիվ 26 ընտրատարածիցը: Երեք ամիս առաջ նա դարձել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Դեռևս պարզ չէ, թե դեպքերն ինչ զարգացումներ կստանան, բայց էջմիածնեցիներն արդեն խոսում են, թե ով կզբաղեցնի նրա թափուր տեղը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի (www.armenialiberty.org) աղբյուրի` «Հակոբյանը, որը հարուստ գործարար է, արդեն համաձայնության է եկել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որ իրեն թույլ կտան խուսափել ազատազրկումից իրեն պատկանող որոշ տարածքներ զիջելու դիմաց: Խոսքը վերաբերում է «Արդշինինվեստբանկին» վարձակալությամբ տրված տարածքներին: Ենթադրվում է, որ բանկը գտնվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակի վերահսկողության տակ»:
Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
