ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԵՆԿ-ը կանխատեսում է ընտրախախտումներ
«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (ՀԵՆԿ)
հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ականատեսը լինելով Հայաստանի Հանրապետությունում վերջին համապետական
ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքների կեղծման մասշտաբների աճման
օրինաչափությանը` արձանագրում է.
2005 թվականի հանրաքվեի անցկացումը եւ ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքների
հրապարակումը վերջնականապես հաստատեց ընտրական համակարգի ջախջախման փաստը. ցանկացած
օրինակելի «Ընտրական օրենսգիրք» չի կարող երաշխիք հանդիսանալ առաջիկա ԱԺ
ընտրությունների օրինական անցկացման համար.
Հայաստանի Հանրապետության օրակարգային թիվ մեկ հարցը դարձել է ընտրական համակարգի
վերականգնումը:
ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր անկողմնակալության եւ
չեզոքության սկզբունքին ընտրական գործընթացների հանդեպ, մտահոգված լինելով
Հայաստանի Հանրապետության ներկայով եւ ապագայով հայտարարում է «Ընտրական համակարգի
վերականգնման շարժման» նախաձեռնության մասին եւ կոչ անում բոլոր քաղաքական
կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության
միջոցներին եւ ակտիվ քաղաքացիներին, որոնք համակարծիք են մեր մոտեցումներին եւ
կիսում են մեր տեսակետը, մասնակցել «Ընտրական համակարգի վերականգնման շարժման»
հավաքին, որը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 18-ին ժամը 12.00-ին ՀԵՆԿ-ի կենտրոնական
գրասենյակում, հեռախոս` 275463, 273484, հասցեն` Կոմիտաս 8»:
