ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները մերժվեցին
Այսօր առավոտյան ՀՀԿ խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով ներկայացել էր խորհրդարան`
ապահովելու նախորդ նստաշրջանում քննարկված հարցերի քվեարկությունները:
Այնուամենայնիվ, վիճահարույց երկու հարցեր ՀՀԿ-ին չհաջողվեց քվեարկությամբ
անցկացնել:
Մասնավորապես, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին օրենքը» քվեարկությամբ չանցավ 46 կողմ, 1 դեմ
ձայների հարաբերակցությամբ:
Չքվեարկեց ընդդիմությունը, «Ժողպատգամավոր» խումբը եւ ՀՅԴ խմբակցությունը եւ անկախ
պատգամավորները: Քվեարկությունից առաջ «Արդարություն» խմբակցության քարտուղար
Գրիգոր Հարությունյանը խնդրեց ԱԺ փոխնախագահին քվեարկության արդյունքը երկար պահել
տախտակի վրա: Վահան Հովհաննիսյանը բավարարեց խնդրանքը եւ հայտարարեց. «Քանի որ այս
օրինագծի շուրջ վեճեր են եղել, լուրջ ալեկոծումներ, այդ պատճառով խնդրում եմ ամեն
մարդ քվեարկի իր փոխարեն»:
Այս հորդորը շատերի վրա չազդեց եւ Վահան Հովհաննիսյանը ստիպված էր արձանագրել, որ
ՀՀԿ խմբակցության վերջին շարքերում ակնհայտորեն ավելի քիչ մարդ կար, քան քվեարկել
է: Գործընկերների փոխարեն կոճակ սեղմելու գործում առավելապես ակտիվ էին Հարություն
Ղարագյոզյանը (Կարամել Հարութ), որը հաջողացրել էր ամբողջ շարքի փոխարեն քվեարկել,
Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ) եւ Մանվել Ղազարյանը: Արշակ Սադոյանը կրկին
բողոքում էր ակնհայտորեն ուրիշի կոճակները սեղմող պատգամավորներից, երբ Վահան
Հովհաննիսյանը ընդդիմությանը հարցրեց` նորից քվեարկե՞նք, դժգո՞հ եք: Դահլիճը պայթեց
ծիծաղից:
Մեկ հաղթանակ գրանցեց Հմայակ Հովհաննսիյանը,ո րը հաջողացրեց ձախողել«ԱՊՀ տնտեսական
դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը ՀՀ համար դադարեցնելու
նպատակահարմության վերաբերյալ առաջարկը: Մինչ քվեարկությունը նա զգոնության կոչ
արեց պատգամավորներին` հիշեցնելով, որ հարցի քննարկումը տեւել է ընդամենը 5 րոպե:
61 կողմ ձայնով այս օրինագիծը չընդունվեց:
21 կողմ, 34 ձեռնպահ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ մերժվեց Աժ կանոնակարգ
օրենքում ՄԱԿ-ի առաջարկած փոփոխությունները, փոխարեն 79 կողմ, 5 դեմ ընդունվեց
կոալիցիոն տարբերակը:
Քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Նիստին
ներկա գտնվող Մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանը լրագրողներից էր փորձում
հասկանալ` ի՞նչ է տեղի ունենում:
