Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր
«Ժամանակ
Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:

Դատական նախորդ նիստում դատախազ Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Բաբաջանյանին
դատապարտել 4,5 տարվա ազատազրկման:

Իր վերջին խոսքում Բաբաջանյանը ասաց, որ փորձել է զինվորական ծառայության
տարկետումը երկարաձգել Միացյալ Նահանգների համալսարաններում տարբեր տարիների
ուսումնառությունը փաստող տեղեկանքներով, առողջական վիճակի մասին փաստաթղթերով,
որոնք, նրա խոսքերով, զինկոմիսարիատը հաշվի չի առել:

Նա ասաց, որ 9 տարի առաջ Հայաստանը լքելու ավելի լուրջ պատճառներ է ունեցել, քան
բանակից խուսափելը. - «Ամենայն հավանականությամբ, հայրենիքում վերստին ապրելու իմ
իրավունքը ետ նվաճելու համար պետք է մնալ անազատության մեջ: Եթե այդպես է` վճարում
եմ այդ գինը եւ հոժարությամբ կընդունեմ դատարանի կողմից սահմանված ցանկացած
ազատազրկող ժամկետ»:

Դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երկու ժամ խորհրդակցական
սենյակում անցկացնելուց հետո, հրապարակեց դատավճիռը` Բաբաջանյանին դատապարտելով 4
տարվա ազատազրկման:

Դատարանը Բաբաջանյանին մեղավոր ճանաչեց միայն զինվորական ծառայությունից խուսափելու
համար, իսկ փաստաթղթեր հափշտակելու մասով առաջադրված մեղադրանքը համարեց
չհիմնավորված:

Դատավճիռը կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում Քրեական եւ զինվորական գործերով
վերաքննիչ դատարանում:

Հովհաննես Շողիկյան