Ըստ «Նուբարաշեն» հիմնարկի ղեկավարի, փախուստի փորձի դիմած կալանավորներն ընդամենը զրկված են «զվարճանքի պարագաներից»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Արամ Սարգսյանը հերքեց
տեղեկությունները, թե հուլիսի 24-ին հիմնարկից փախուստի փորձ կատարած եւ այնուհետեւ
հացադուլ հայտարարած չորս կալանավորներն իրենց պատիժը կրում են անմարդկային
պայմաններում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա վստահեցրեց, որ
կալանավորներն ընդամենը զրկված են «զվարճալիքի պարագաներից»՝ ռադիոյից,
հեռուստացույցից, մագնիտոֆոնից եւ այլն: Ըստ Սարգսյանի, չեն եղել նաեւ ծեծ եւ
խոշտանգումներ:

«Նրանք հիմա պատժախցային պայմաններում են պահվում: Նրանց տրված են նաեւ անկողնային
պարագաներ՝ հաշվի առնելով, որ մի քանի օր հացադուլի են եղել, եւ բացառված չէ, որ
հյուծված լինեն: Զվարճանքի պարագաները՝ հեռուստացույց, ռադիո եւ այլն, խցերից
հանված են»,- նշեց քրեակատարողական հիմնարկի ղեկավարը եւ հավաստիացրեց, որ որեւէ
այլ բանից կալանավորները զրկված չեն: Հիմա, երբ հացադուլը դադարեցվել է,
կալանավորներին հասնում է «նույն ճաշը, ինչ բաժանում են բոլորին», ջրից երբեք
զրկված չեն եղել. «Այսինքն, լրացուցիչ ձեւեր, մեթոդներ, որպեսզի նրանց թե հոգեկան
առումով եւ թե ֆիզիկական առումով ցավ պատճառվի, չեն կիրառվել: Ի՞նչ խոշտանգման
մասին է խոսքը»:

Սարգսյանը հայտնեց, որ առաջիկա տասն օրվա ընթացքում հիշյալ կալանավորները հանձնուք
չեն ստանա, ինչպես նաեւ կզրկվեն տեսակցության հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ահազանգ էր ստացել, որ Նուբարաշենում
փախուստի փորձ կատարած կալանավորներին լավ չեն վերաբերվում, ինչի արդյունքում
Պաշտպանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն այցելել էր
քրեակատարողական հիմնարկ: Կալանավորները Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել էին,
որ զրկված են նվազագույն պայմաններից, այդ թվում լույսից, բաժակից, հիգիենայի
պարագաներից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայության հետ կապերի բաժնի ղեկավար
Գրիգորի Գրիգորյանի փոխանցմամբ՝ այցելության ժամանակ իրենք իսկապես պարզել են, որ
դատապարտյալների գանգատները համապատասխնում են իրականությանը: «Սենյակում նրանք
ոչինչ չունեին, բացի մահճակալներից, անգամ ջրի համար մեկ բաժակ չունեին»,- փաստել է
Գրիգորի Գրիգորյանը: Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա նման բան, ըստ
օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցչի, իրենք չեն արձանագրել:

Այցելությունից հետո օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները

բանավոր առաջարկներ են ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի
ղեկավարությանը, որպեսզի դատապարտյալները անհապաղ բժշկական հետազոտության անցնեն,
զբոսանքի հնարավորություն ունենան:

Գրիգորի Գրիգորյանն ասաց, թե իրենք առաջիկայում ծրագրում են եւս մեկ անգամ այցելել
այս հիմնարկը, եւ եթե այդ ընթացքում ոչինչ չփողվի, օրենքով սահմանված կարգով իրենք
կդիմեն արդարադատության նախարարություն:

Սակայն, հիմնարկի ղեկավար Արամ Սարգսյանի վկայությամբ՝ բանտախցում կարգն այնպիսին
է, որ ավելորդ պարագաներ չեն թույլատրվում:

Ինչ վերաբերում է դատապարտյալների ընդհանուր վիճակին, ապա Արամ Սարգսյանն ասաց, թե
վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հիմնարկում էական բարեփոխումներ են տեղի ունեցել:
Մասնավորապես, դատապարտյալներին հնարավորություն է տրվել առնվազն տարին մեկ անգամ
երկարատեւ հանդիպում ունենալ իրենց կանանց ու երեխաների հետ, ընդ որում այդ
հանդիպումը մինչեւ 3 օր կարող է տեւել: Դրա համար դատապարտյալներին հատուկ սենյակ է
տրամադրվում` խոհանոցով, ննջարանով եւ լոգարանով: Բացի այդ, դատապարտյալները սկսել
են սովորել համակարգիչ եւ անգլերեն:



Ռուզաննա Ստեփանյան