ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության տարածմանը նվիրված հանդիպում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում
Երևան, 13.07.2006թ.
Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում Եվրոպայի խորհրդի աշխատանքների վերաբերյալ հասարակական իրազեկությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերն ու հրատարակությունները տարածելու նպատակով համագործակցություն հաստատելու համար` Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում գործող ոչ կառավարական կազմակերպությունների համար կազմակերպեց իր ավանդական դարձած տեղեկատվության տարածմանը նվիրված հանդիպումներից մեկը:
Հանդիպումը, որը կայացավ հունիսի 13-ին ԵԽՏԳ գրադարանում, կազմակերպվել էր 2006թ. Եվրոպայի խորհրդի գերակայություն հանդիսացող արշավների շրջանակներում: Հանդիպմանը մասնակցեցին մոտ 20 տեղական ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տկն. Բոյանա Ուրումովան` կենտրոնացնելով իր ելույթը Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործողությունների Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նշանակության վրա: ԵԽ փորձագետ տկն. Գյուլնարա Շահինյանը առավել մանրամասնեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են Եվրոպայի խորհրդում Կոնվենցիայի նախապատրաստման համար և ներկաներին բացատրեց Կոնվենցիայի ուրույն դերն ու հատուկ նշանակությունը եվրոպական մակարդակում: ԵԽՏԳ տնօրեն տկն. Սյուզան Մարուխյանը վարեց քննարկումները և պատասխանեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական քաղաքականության, թրաֆիկինգի դեմ պայքարի արշավի և այլ գերակայությունների մասին հարցերին:
Հանդիպման վերջին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտել Ինտերնյուս ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ԵԽՏԳ-ի պատրաստած «Վաճառքի ենթակա չէ» վավերագրական ֆիլմը: Հանդիպման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց համագործակցել թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված ԵԽ գործողությունների շրջանակում:
