ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սյունյաց երկիր» թերթի հայտարարությունը
«Սյունյաց երկիր» թերթի 2006թ. հունիսի 15-ի համարում հրապարակվել է հոդված «Սյունիքի
էներգահամակարգը կոռումպացվում է, եթե արդեն չի կոռումպացվել հիմնովին»
վերտառությամբ: Այդ առիթով հունիսի 21-ին թերթի խմբագրություն են այցելել «Հայաստանի
էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի (սպասարկում է Սյունիքի
ամբողջ մարզը) տնօրենն ու երկու փոխտնօրենը: Հոդվածը քննարկելիս նրանց առաջարկվել է
ներկայացնել պատասխան խոսք կամ արձագանք՝ գործող օրենքի սահմաններում, եթե իրենք,
իրոք, առարկություններ ունեն տպագրված նյութի վերաբերյալ: Սակայն դա չի բավարարել
մասնաճյուղի ղեկավարներին: Եվ տնօրեն Արայիկ Գրիգորյանի կարգադրությամբ անմիջապես
հոսանքազրկվել է այն բնակարանը, որտեղ վարձակալական հիմունքով գտնվում է թերթի
խմբագրությունը: Եվ հոսանքազրկման հետեւանքով թերթը հայտնվել է պարապուրդի մեջ:
Տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Սյունիքի մարզի էներգահամակարգը,
իսկապես, կոռումպացվել է հիմնովին եւ դարձել նաեւ պատժիչ մարմին Սյունիքում
իրականացվող տարածքային քաղաքականության մեջ:
Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է, որ «Սյունյաց երկիր» թերթի դեմ երկու
տարի առաջ մեկնարկած տեռորը շարունակվում է:
Տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ Սյունիքում թեւածող ինկվիզիցիան ու
ղաչաղությունը մնում են որպես կառավարման ընդունված ձեւ:
Մենք կրկին դիմում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպես
սահմանադրության երաշխավորի, ի վերջո կասեցնել «Սյունյաց երկիր» թերթի դեմ
չթուլացող հետապնդրումները, գնահատական տալ էլցանցի բիրդան աղա տնօրենի լկտիությանը
եւ հնարավորություն տալ վերականգնելու թերթի գործունեությունը:
Հեռ.։ /285/ 6 25 63, 091 45 90 47
«Սյունյաց երկիր»
21 հունիսի 2006թ.
