ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը հատուկ վերահսկման ցուցակում է
Հայաստանը հանդիսանում է կանանց ու աղջիկների սեռական շահագործման նպատակով
իրականացվող թրաֆիկինգի (մարդկանց առեւտրի) խոշոր սկզբնաղբյուր` հիմնականում դեպի
Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) եւ Թուրքիա, որոշ չափով նաեւ տարանցիկ ու
վերջնակետ երկիր:
Թրաֆիկինգ իրականացնողները, որոնց մեծ մասը կանայք են, զոհերին ուղղակիորեն կամ
Մոսկվայով հասցնում են Դուբայ: Թրաֆիկինգ իրականացնողները Թուրքիա զոհերին
տեղափոխում են ավտոբուսով` անցնելով Վրաստանի տարածքով: Ըստ հաղորդումների
հայաստանյան զոհերի միջոցով թրաֆիկինգից ստացվող շահույթը նախորդ տարվա համեմատ
կտրուկ աճել է:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը տեղ է գտնում երկրների դասակարգման սանդղակի
երկրորդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում, ինչը փաստում է, որ վերջին տարվա
ընթացքում երկիրն այս ասպարեզում, մասնավորապես` հարկադրման, թրաֆիկինգի հետ կապված
կոռուպցիայի ու զոհերի պաշտպանության հարցերում իր աշխատանքներն աշխուժացնելու
վերաբերյալ բավարար ապացույցներ չի կարողացել ապահովել:
Չնայած օրենսդրության հակաթրաֆիկինգային դրույթի կիրառման դեպքերի ավելացմանը`
կառավարությունը դատապարտված թրաֆիկինգ իրականացնողների նկատմամբ չի կիրառել
նշանակալի պատիժներ: Կառավարությունը լրջորեն չի հետաքննել թրաֆիկինգում պետական
պաշտոնյաների հանցակցության մասին շարունակական ու հնչեղություն ստացած
մեղադրանքները ու չի իրականացրել քրեական հետապնդում:
Զոհերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները դեռ գտնվում են ձեւավորման փուլում: ՀՀ
պաշտոնյաների, հատկապես դատական համակարգի պաշտոնյաների շրջանում շարունակում է
խնդրահարույց մնալ զոհերի նկատմամբ մեղադրական ու աննրբանկատ վերաբերմունքը:
2005թ. ընթացքում Կառավարությունը հետաքննել է թրաֆիկինգի 30 գործ, որի արդյունքում
14 գործով իրականացվել է քրեական հետապնդում ու 17 հոգի դատապարտվել են: Չնայած 132
հոդվածով նախատեսվում է պատժի ավելի երկար ժամանակահատված` նշանակված պատիժները
շարունակում են մնալ ոչ բավարար ու նմանատիպ այլ ծանր հանցանքների համար
Հայաստանում նախատեսված պատժաչափերին ոչ համարժեք:
Հաշվետու ժամանակաշրջանում դատապարտվածներից շատ քչերն են փաստացի ազատազրկվել,
մյուս մեղավորները կամ պայմանականորեն ազատ են արձակվել կամ էլ նրանց համար
սահմանվել է պատիժ ուղղիչ աշխատանքների կամ տուգանքի տեսքով:
Ի դեպ, այս փաստերը ուսումնասիրել եւ հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Զեկույցի տեքստը ամբողջությամբ կարդացեք ԱՄՆ
պետդեպարտամենտի էջում
