Աշխարհը հիշում է Հայոց Ցեղասպանության մասին

Ամեն տարի ապրիլի 23-ին ԱՄՆ հայերը հավաքվում են Նյու-Յորքի ամենահայտնի փողոցում` Թայմ Սքվերում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք տալու համար: Ավանդական հավաքն այս տարի անձրեւի պատճառով տեղափոխվեց Մանհեթենի Սուրբ Վարդան եկեղեցու դահլիճ, որտեղ հավաքվել էր շուրջ 3 հազար մարդ:

Միջոցառումը լուսաբանում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ հավաքվածներին` իրենց ելույթով դիմեցին ԱՄՆ կոնգրեսականներն ու Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի ղեկավարը: Նշենք, որ ԱՄՆ 178 կոնգրեսական եւ 30 սենատոր Բուշին հղված առանձին նամակներով հորդորել են նրան, որ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում նա ջարդերն անվանի ՚ցեղասպանությունՙ:

Ի դեպ, ապրիլ 21-ին Օտտավայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերի գրասենյակից ստացավ Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական հաղորդագրություն, որում վարչապետը ճանաչում է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Այսօր աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվելու են միջոցառումներ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն կանցնացվեն Ֆրանսիայի ողջ տարածքում: Մարսելի հայաշատ թաղամասերից մեկում այսօր կբացվի 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այս առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ցույց կկազմակերպվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Նմանատիպ բողոքի ակցիա որոշ պետություններում արդեն կազմակերպվել է, իսկ որոշներում դեռ կազմակերպվելու է: Այդ ակցիային կազմակերպվել է նաեւ Շվեդիայում, Նիդեռլանդներում, Վրաստանում, երմանիայում ու բազմաթիվ այլ երկրներում: