Կոզեռնի թաղամասի բնակիչները հասան Քոչարյանի մոտ

Կոզեռնի բնակիչներն այսօր հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի նստավայրի առջեւ եւ պահանջում էին քաղապետարանի համապատասխան կառույցների եւ ենթակառույցների ներկայությամբ իրենց խնդրի հարցի համատեղ քննարկում: Երեւանի բնակիչներն այսօր հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, քանի որ վիրավորված են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից:

Պռոշյանի առաջին նրբանցք Կոզեռնի թաղամասի բնակիչները երեկ հանդիպել են Երվանդ Զախարյանին, որը նրանց ասել է, թե վարչապետի ոչ մի հանձնարարական գոյություն չունի, որ դա սխալ տեղեկություն է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության տարածքային ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը բնակիչներին հավասատիացրել էր, որ կազմվել է հանձնաժողով, որը 7 օրյա ժամկետում կուսումնասիրի Կոզեռնի թաղամասի բնակիչների հողատարածքների սեփականաշնորհման հարցը եւ սպառիչ պատասխան կտա:

Երվանդ Զախարյանը թաղամասի բնակիչներին միայն խոստացել է, որ 2 ամսվա ընթացքում կպարզի՝ ինչ պետք է անել: «Մեզ ասում է՝ էս քաղաքում ինչ կուզեմ կանեմ, երբ կուզեմ կվտարեմ ձեզ»,- այսօր նախագահի նստավայրի մոտ ասաց «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի ղեկավար Սամվել Մկրտչյանը, որը ներկայացնում է կոզեռցիների շահերը: Երվանդ Զախարյանը բնակիչներին մեղադրել է, որ նրանք թաղամասի հարցին քաղաքական ենթատեքստ են տալիս, իսկ «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ն նպաստում է դրան:

Ինչպես կոզեռցիներն էին վստահեցնում՝ այսօրվա բողոքի ակցիան հարկադիր քայլ է. «Դեռ 3 օր էլ կար մինչեւ քաղացիական անհնազանդություն ցուցաբերելը: Սա անհրաժեշտ էր, որպեսզի նրանք հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ: Մենք մի միլիմետր հետքայլ չենք անի»,- ասաց Սամվել Մկրտչյանը: Նշենք, որ կոզեռցիները խոստացել էին 10 օրյա ժամկետում որեւէ ագրեսիվ քայլ չձեռնարկել, իսկ հետո՝ անհրաժեշտության դեպքում, կստեղծեն նույնիսկ իրենց իշխանությունը եւ կինքնապաշտպանվեն:

Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նստավայրում են գտնվում փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կոզեռնի թաղամասի 4 բնակիչ, ինչպես նաեւ «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի ղեկավար Սամվել Մկրտչյանը: