ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրապարակի վրա է ռազմավարական եվ ազգային հետազոտությունների Հայկական կենտրոնի հերթական տարեգիրքը
12 ապրիլի 2006թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Հայաստանը փոխակերպվող աշխարհում»
վերտառությամբ հերթական եռալեզու տարեգրքի գինեձոն-շնորհանդեսը, որին հրավիրված էին

ժողովածուի հեղինակները, հրատարակիչները, ստեղծագործական անձնակազմը, ՀՀ-ում
հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողներ,
քաղաքագետ-վերլուծաբաններ, լրագրողներ:
«Տարեգրքի հետազոտությունները Հայաստանի անդրսահմանային եւ ներքին մրցահրավերների
շուրջ են, որոնք փոխակերպվող աշխարհում հրամայաբար առաջադրում են Հայաստանի
վերափոխման անհրաժեշտությունը: Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության,
Հայաստանի` օրեցօր բարդացող ու աշխուժացող միջազգային շրջակայքի եւ
հարաբերությունների բազում կնճռոտ հարցերին հեղինակների տված պատասխանները նորանոր
խնդիրներ են թելադրում թե՛ մեր Կենտրոնի, թե՛ Հայաստանի ողջ փորձագիտական հանրույթի
առջեւ,- շնորհանդեսը բացելով եւ ներկաներին ողջունելով՝ ասաց ՌԱՀՀԿ
հետազոտությունների ղեկավար, աշխատության գիտական խմբագիր Ստեփան Սաֆարյանը:
Այնուհետեւ նա ընթերցեց ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը, որն,
իբրեւ «Մուտքի խոսք», տեղ է գտել տարեգրքում` հավելելով, որ սույն հրատարակությունը
նպատակ ունի շահագրգիռ շրջանակներին ներկայացնել վերափոխվող աշխարհի որոշ հիմնարար
միտումները, դրանց զարգացման համատեքստում Հայաստանի առաջընթացի գերակայություններն
ու մեր երկրին ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները:
Տարածաշրջանային անվտանգության ռազմավարական ուղղություններին, երկրի տնտեսությանը
եւ կարեւորագույն մյուս ոլորտներին առնչվող հանգամանալից ուսումնասիրությունները,
կիրառական հետազոտությունները, դիտողական-վավերագրական նյութերը, որոնք զետեղվել են
«Հայաստան. տարածաշրջան. աշխարհ», «Հանրային եւ փորձագիտական կարծիքի
ուսումնասիրություններ» եւ «Քարտեզներ» բաժիններում, ըստ բանախոսի, ՌԱՀՀԿ-ի եւ նրա
հետ համագործակցող փորձագիտական-ստեղծագործական խմբի 2005թ. աշխատանքի արգասիքն են:
Ներածական խոսքի ավարտին Սաֆարյանը երախտիքի խոսքեր հղեց աշխատության
հոդվածագիրներին, խմբագրակազմին, Տիգրան Մեծ հրատարակչությանը` ի դեմս Վրեժ
Մարկոսյանի, որն ամեն անգամվա պես բարձր մակարդակով եւ անշահախնդրորեն իրականացրել
է գրքի տպագրությունը, ինչպես նաեւ Կենտրոնի մյուս հովանավորներին, ովքեր հնարավոր
դարձրին Հայաստանում նման հետազոտական ծրագրերի կյանքի կոչումը:
826 էջանոց ընտրանու «Տարածաշրջան եւ հակամարտություններ» գլուխը բացվում է
Ավստրիայի Պաշտպանության ազգային ակադեմիայի գիտաշխատող Մարթին Մալեկի
ուսումնասիրությամբ, որը դիտարկում է միջազգային հարաբերությունների համակարգում
պետությունների փլուզման երեւույթը: Ապա հաջորդում են փորձագետներ Ստեփան Սաֆարյանի
եւ Ալվարդ Բարխուդարյանի աշխատանքները, որոնցից առաջինը նվիրված է
հակամարտությունների ծագմանը, դրանց սիմետրիկ կամ ասիմետրիկ կարգավորման
հնարավորություններին, իսկ երկրորդը` ղարաբաղյան հակամարտության եւ ԼՂ
անվտանգության գոտու հիմնահարցերին: ՌԱՀՀԿ մյուս փորձագետներից Հովհաննես
Վարդանյանը վերլուծաբար ներկայացրել է հետխորհրդային տարածքում առկա
ժողովրդավարացման ցնցումները, իսկ Հովսեփ Խուրշուդյանը մանրամասնել է հայ-ռուսական
հարաբերությունների վերջին շարժընթացը: Նույն գլխում ուշագրավ դիտարկումներ կան
ռուս-ամերիկյան փոխառնչությունները վերլուծող Արամ Հարությունյանի եւ հարեւան Իրանի
խնդիրները լուսաբանող Ալեն Ղեւոնդյանի հետազոտություններում: Ընթերցողը հետաքրքիր
շատ բան կարող է քաղել նաեւ Ալվարդ Բարխուդարյանի մեկ այլ ուսումնասիրությունից,
որում բացահայտված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կապված շահերն ու
շահարկումները:
«Ներքին հիմնահարցեր» գլուխը ներառում է ՀՀ-ում քաղաքական մտածողության
փոխակերպմանը, երկրում անցումային փուլի առանձնահատկություններին, ՀՀ
սահմանադրական փոփոխությունների խնդրին, էներգետիկ քաղաքականությանը,
ռազմաքաղաքացիական հարաբերություններին եւ ազգային հիմնահարցերի նկատմամբ հայ
երիտասարդության վերաբերմունքին նվիրված հետազոտություններ, որոնցով հանդես են եկել
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը, Կարապետ Կալենչյանը,
Հովհաննես Վարդանյանը, Արեգ Բարսեղյանը, Ալվարդ Բարխուդարյանը եւ Սյուզաննա
Բարսեղյանը:
Գիրքը եզրափակվում է օրախնդիր մի շարք թեմաներով ՌԱՀՀԿ-ի կողմից 2004-2005թթ.
ընթացքում անցկացված հանրային եւ փորձագիտական հարցումների արդյունքներն ամփոփող
հրապարակումներով ու հարակից նյութերով: Առաջին անգամը լինելով` ժողովածուի մեջ տեղ
են գտել ԼՂ հակամարտությանն առնչվող 12 քարտեզներ` համապատասխան տեղեկանքներով
հանդերձ: Զետեղվել է նաեւ 1994-2005թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՀՀԿ-ին զորակցած
անձանց եւ կազմակերպությունների ամբողջական ցանկը:
Գինեձոնի ժամանակ իրենց աշխատանքներն ըստ արժանվույնի գնահատելու համար
երախտագիտության խոսքեր ասացին եւ ստեղծագործական նոր մտահղացումների շուրջ
տեսակետներ հայտնեցին գրքի հեղինակներից Ալվարդ Բարխուդարյանը, Հովսեփ Խուրշուդյանը
եւ ուրիշներ: Վերստին շեշտվեց, որ հրատապությունից զատ, տարեգրքի բնորոշ գիծը
թեմատիկ եւ ժանրային բազմազանությունն է:
Խմբագրակազմի անունից, որում ընդգրկված են Գեւորգ Լալայանը, Ստեփան Սաֆարյանը,
Հասմիկ Մկրտչյանը, Գոռ Գրիգորյանը, Նունե Այդինյանը, Սայաթ Գույումճյանը, Կարապետ
Կալենչյանը եւ Սյուզաննա Բարսեղյանը, սրտի խոսք ասաց տարեգրքի գլխավոր խմբագիր
Գեւորգ Լալայանը: «Ներկա ժողովածուն նախեւառաջ թիմային համերաշխության արգասիք է:
Նրանում ընտրված աշխատանքները` որքան էլ արծարծելիս լինեն տարածաշրջանային ու
աշխարհաքաղաքական զարգացումների տարբեր դիտանկյուններ, ներքին կուռ օրինաչափությամբ
միտված են նույն նպատակակետին` Հայաստանի տեղի ու դերի ճշտորոշմանը, նրա քաղաքական
կշռի բարձրացմանը«,- շեշտեց Լալայանը:
Վերջում միջոցառման բոլոր մասնակիցներին նվիրվեց «Հայաստանը փոխակերպվող աշխարհում»
գրքի մեկական օրինակ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ
արտասահմանյան աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային
զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն
ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական
ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ
ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում
տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության,
պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների
կիրառական հետազոտությանը::
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75,
հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ՝
root@acnis.am եւ
info@acnis.am , կայքէջ՝
www.acnis.am :
