ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քոնդոլիզա Ռայս. «Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները»
Անցած գիշեր Վաշինգտոնում՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ
Հայաստանի կառավարության միջեւ տեղի ունեցած համաձայնագրի ստորագրման հանդիսավոր
արարողության ժամանակ հերթական անգամ խոսվեց Հայաստանում ժողովրդավարության
զարգացման, ինչպես նաեւ 2007-2008 թվականներին ընտրությունների՝ միջազգային
չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին:
«Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները: Տեղացի եւ
արտասահմանյան դիտորդները իրենց դժգոհությունն էին արտահայտել սահմանադրական
հանրաքվեի առթիվ: Հայաստանի կառավարությունը ընդունում է առկա խնդիրները եւ
պարտավորվել է բարելավել իրավիճակը 2007 եւ 2008 թվականի ընտրություններին», -
հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր հերթին, ընդունեց, որ արդեն իսկ
Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում միջազգային չափանիշներին
համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: «Ճշտվում են ընտրական ցուցակները,
փոփոխությունների է ենթարկվում ընտրություններին վերաբերող օրենսդրությունը», -
հավատացնում էր արտգործնախարարը:
«2007-2008 թվականների ընտրությունները կլինեն մեր ժողովրդավարության քննությունը:
Մինչ այդ մեր նպատակն է՝ Միացյալ Նահագների եւ եվրոպական կառավարությունների հետ
գործակցելով, իրականացնել փոփոխություններին ուղղված անհրաժեշտ քայլերը», - ասաց
նախարար Օսկանյանը:
Ինչ վերաբերում է բուն ծրագրին, ապա կողմերը բավական լավատես են: Ըստ Քոնդոլիզա
Ռայսի՝ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանի գյուղական շրջաններում ապրող 750
հազար բնակիչների կյանքը: «Առաջիկա 5 տարում հայերը կկառուցեն գրեթե 1000 կիլոմետր
գյուղական ճանապարհ, կնորացվեն ոռոգման եւ ջրահեռացման համակարգերը: Բացի այդ,
Միացյալ Նահագները կհատկացնի տեխնիկական օժանդակություն եւ վարկեր, այն, ինչի
շուտափույթ կարիքը Հայաստանն ունի», - հայտարարեց ԱՄՆ-ի պետաքարտուղարը:
Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի կունենա թվային տեսակոնֆերանս
Վաշինգտոնում գտնվող «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տարածաշրջանային
տնօրեն Ալեքս Ռասինի եւ Հայաստանի ֆինանսների եւ Էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ
Ավետիսյանի մասնակցությամբ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
