Ոստիկանությունը պարտավորվում է հարգել մարդու իրավունքները

«Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով». սա
մեջբերում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագծից: Այս հատվածը հատկապես շատ էր դուր եկել
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին, որը հիշեցրեց ապրիլի
12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում կատարված «վայրագությունները»,
թվարկեց ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողների անունները, եւ
տեղեկացրեց, որ այդ «վայրագությունների» համար ոչ ոք պատասխանատվության չի
ենթարկվել:

Ոստիկանության փոխոստիկանապետ գեներալ Արարատ Մահտեսյանը պատասխանելով այդ
հանդիմանությանը, ասաց, որ ոստիկանները «այդ արարքները կատարել են օրենքով
սահմանված կարգով»: Ըստ նրա, երկու անգամ իրենք զգուշացրել են, որ ցուցարարները
բացեն ճանապարհը եւ չխոչընդոտեն երթեւեկությունը: «Այո, գիշերը ժամը 2-ին ուզում
էին ճանապարհը բացել, որ Չեխովի դպրոցի սաները կարողանան դպրոց գալ»,- հեգնանքով
նկատեց Վիկտոր Դալլաքյանը, իսկ անկախ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը տեղից ռեպլիկ
նետեց, թե. «Դուք էիք փշալարով ճանապարհը փակել»:

«Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում հստակեցված են
ոստիկանության գործողությունները, որտեղ եւս կան մեր իրականության համար էկզոտիկ
թվացող հետաքրքրիր ձեւակերպումներ. օրինակ` «Ոստիկանությունն իր իրավունքներն
իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու՝ ՀՀ սահմանադրությամբ
ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց
իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ
կամայականության արգելքի սկզբունքներով, իչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված
այլ նպատակներ»:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանն նկատեց, որ օրենքում,
իհարկե, շատ հստակ է ձեւակերպված իրավահավասարության անհրաժեշտությունը, սակայն,
պատժամիջոցների մասին հստակություն չկա. օրինակ, Դեմիրճյան փողոցի բնակիչները քուն
ու դադար չունեն կեսգիշերից հետո բարձր ազդանշաններով երթեւեկող նախագահի թիկնազորի
ավտոմեքենաների պատճառով: «Նախագահը, ով էլ նա լինի, պարտավոր է ենթարկել
օրենքին»,- հիշեցրեց Թաթուլ Մանասերյանը եւ ավելացրեց, որ օրենքի առջեւ հավասարապես
պատասխանատու են նաեւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք մեզանում չգիտես ինչու
արտոնյալ են: Պատգամավորը բերեց դեսպանատան ավտոմեքենաների օրինակը, որոնց տեսնելիս
պետավտոտեսուչները կարկամում են. «Այժմ մեր պետավտոտեսուչները սովորում են, թե
ինչպես պետք է իրենց պահեն դիպլոմատիկ ավտոմեքենաները կանգնեցնելիս՝ դեսպանների
առկայությամբ կամ այլ գործողություններ կատարելիս»:

Ի դեպ, «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածում գրված է. «Ոստիկանությունը
պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու
իրավաբանական օգնություն ստանալ իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած 3
ժամվա ընթացքում տեղյակ պահել նանց հարազատներին»: Վիկտոր Դալլաքյանին՝ քաղաքացուն
3 ժամ ոստիկանությունում պահելու հանգամանքը մտահոգիչ թվաց, իսկ Մահտեսյանը
բացատրեց, որ երեք ժամում հազիվ կարողանան գտնել նրանց հարազատներին, քանի որ
«հեռախոսի խնդիր կարող է առաջանալ»:

Նկատենք, որ այս կարեւորագույն օրինագծի քննարկման ժամանակ դահլիճում ներկա էր 8
պատգամավոր: